Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը սկսել է Իրաքից մարդասիրական օգնություն առաքել Սիրիա


ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների համաձայն, գալիք 12 օրվա ընթացքում առաքվող սնունդը պետք է բավարարի Սիրիայի մոտ 6 հազար ընտանիքների կարիքը մինչև այս ամսվա վերջ

Միավորված ազգերի կազմակերպությունը կիրակի օրը մեկնարկել է մարդասիրական օգնության առաքումը Սիրիա, որն իրականացվում է Իրաքի հյուսիսային շրջաններից՝ օդային ճանապարհով:

Եղանակի պատճառով տեղի ունեցած հետաձգումներից հետո պարենային օգնություն տեղափոխող օդանավը կիրակի օրը մեկնել էր Իրաքի Քրդստանի Էրբիլ քաղաքից՝ մեկ ժամից վայրէջք կատարելով Սիրիայի հյուսիսում:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների համաձայն, գալիք 12 օրվա ընթացքում առաքվող սնունդը պետք է բավարարի Սիրիայի մոտ 6 հազար ընտանիքների կարիքը մինչև այս ամսվա վերջ:

Օդանավերով, որոնց թռիչքը չէր իրականացվել անցյալ շաբաթ՝ տարածաշրջանում տեղի ունեցած ձմեռային փոթորկի պատճառով, Հյուսիսային Իրաքից Սիրիա կտեղափոխվի նաև հագուստ, վերմակներ և դեղամիջոցներ:

Հյուսիսային Իրաքից Սիրիա մարդասիրական օգնության տեղափոխման համար օդանավերին թույլատվություն են տվել Իրաքի և Սիրիայի կառավարությունները:

Սիրիայում այս ընթացքում շարունակվում են բախումները կառավարական ուժերի և ապստամբների միջև: Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը տեղեկացրել է, որ կառավարական օդուժի կողմից Հալեպ քաղաքում իրականացված ռմբակոծության հետևանքով զոհվել է 36 մարդ, այդ թվում՝ 15 երեխա:
XS
SM
MD
LG