Մատչելի հղումներ

ՄԱԿ-ում Սիրիայի հարցի շուրջ քվեարկություն կանցկացվի


Ռուսաստանը դեմ է հանդես գալիս այս բանաձևին, և, դիվանագետների կարծիքով, այս փաստաթուղթն ավելի քիչ կողմնակիցներ կունենա, քան անցյալ տարվա օգոստոսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևը

Միավորված ազգերի կազմակերպության Գերագույն ասամբլեան չորեքշաբթի օրը կանցկացնի քվեարկություն Սիրիայում շարունակվող բռնությունները դատապարտելուն ու այս երկրի կառավարությանը ՄԱԿ-ի քննիչների մուտքը թույլատրելուն ուղղված բանաձևի շուրջ:

Պարտադիր ուժ չունեցող բանաձևում, որը մշակվել է Քաթարի կողմից, որպես Սիրիայում քաղաքական փոփոխություններ իրականացնելու համար «անհրաժեշտ և արդյունավետ» մասնակից է նկարագրում այս երկրի ընդդիմությանը՝ նշելով, որ աշխարհի բազում պետությունների կողմից Սիրիայի ընդդիմությունը ճանաչվել է որպես երկրի ժողովրդի օրինական ներկայացուցիչ:

Բանաձևը պահանջում է նաև Սիրիայի իշխանություններից թույլատրել ՄԱԿ-ի մասնագետներին անարգել մուտք գործել երկիր և հետաքննել քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունները: Մասնագետների խումբը, որի ստեղծումը հավանության է արժանացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, պատրաստ է մեկնելու Սիրիա, սակայն այդ երկրի իշխանությունները չեն թույլատրում խմբի մուտքն այս երկիր:

Նոր բանաձևը կրկին դատապարտում է Սիրիայի զինված ուժերի կողմից բնակավայրերում ծանր զենքի կիրառումը և հորդորում է բոլոր կողմերին թույլատրել երկրի ներսում մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների տեղաշարժը:

Ռուսաստանը դեմ է հանդես գալիս այս բանաձևին, և, դիվանագետների կարծիքով, այս փաստաթուղթն ավելի քիչ կողմնակիցներ կունենա, քան անցյալ տարվա օգոստոսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևը:

Նախորդ բանաձևի ընդունմանը դեմ էր քվեարկել 12 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը: Սիրիայի իշխանությունները դատապարտել էին բանաձևը՝ անվանելով այն «որևէ ազդեցություն գործել անկարող թատրոնի մասերից մեկը»:
XS
SM
MD
LG