Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը դատապարտել է Թուրքիայի ուղղությամբ կատարված հարձակումը


ԱՄՆ-ի արտգործնախարարություն. «Թուրքիայի կողմից ձեռնարկված գործողությունները պատշաճ և համարժեք են եղել»

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «ամենախիստ եղանակով» դատապարտել է Սիրիայի հետ Թուրքիայի սահմանամերձ քաղաքներից մեկի ուղղությամբ կատարված հարձակումը:

Անվտանգության խորհրդի կողմից ընդունված հայտարարությունը կոչ է անում Սիրիայի կառավարությանը «հարգել հարևան պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:

Այս առումով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ արդեն երկար ժամանակ առկա են տարաձայնություններ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ուղղված՝ արդեն 18 ամիս շարունակվող ապստամբության կապակցությամբ գործողություններ ձեռնարկելու հարցում, գրանցվել է հազվադեպ միասնականություն:

Նախագահ Ասադի դաշնակից Ռուսաստանն այնուամենայնիվ կոչ էր արել Անվտանգության խորհրդին ընդունել ավելի մեղմ հայտարարություն, մինչդեռ Ասադին ընդդեմ հանդես եկող Արևմուտքի պետությունները ցանկանում էին, որպեսզի հայտարարության վերջնական տարբերակը հնչեր հնարավորինս խիստ:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը հինգշաբթի օրն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ և ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիայի կողմից ձեռնարկված գործողությունները «պատշաճ և համարժեք» են եղել: Նրա համաձայն, նման գործողությունների նպատակը եղել է «Սիրիայի նկատմամբ կանխարգելման էֆեկտն ուղժեղացնելուն»:

Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի օրը հավանության է արժանացրել Սիրիայի դեմ ռազմական գործողությունների շարունակությունը:

Երկրի փոխվարչապետ Բեշիր Աթալայն ասել է, թե մեկ տարի ժամկետով ընդունված իրավական միջոցը պատերազմի հայտարարում չէ, սակայն ընդունվել է՝ Սիրիայի կողմից ագրեսիվ գործողությունները կանխելու նպատակով:

Թուրքիայի պաշտոնյաների համաձայն, երկրի կառավարությունը, ի պատասխան Թուրքիայի տարածքի ուղղությամբ Սիրիայից իրականացված ականանետային հարվածի, գործում է միջազգային կառույցների հետ սերտ համագործակցությամբ:

Աթալայն ասել է, որ Սիրիայի իշխանությունները պաշտոնապես ներողություն են խնդրել և ընդունել պատասխանատվությունը տեղի ունեցածի համար, ինչպես նաև վստահեցրել Միավորված ազգերի կազմակերպությանը, որ «նման միջադեպ այլևս չեն կրկնվի»:

Թուրքիան հինգշաբթի օրն ավելի վաղ կրակ էր բացել Սիրիայի այն տարածքների ուղղությամբ, որտեղից, ըստ զինված ուժերի, բացվել էր զոհերի պատճառը դարձած ականանետային կրակը:

Աքչակալե գյուղի ուղղությամբ Սիրիայի տարածքից չորեքշաբթի օրը բացված ականանետային կրակի հետևանքով զոհվել է խաղաղ հինգ բնակիչ:

Թուրքիայի պաշտոնյաների, ինչպես նաև «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության տվյալների համաձայն, Սիրիայի հետ սահմանամերձ տարածքների ուղղությամբ բացված կրակի պատճառով զոհվել են Սիրիայի զինծառայողներ:
XS
SM
MD
LG