Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հորդորել է անհապաղ ազատ արձակել ԵԱՀԿ-ի դիտորդներին


ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հորդորել է բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել Ուկրաինայում ծավալված ճգնաժամի լարվածությունը նվազեցնելուն ուղղված գործողություններ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը վճռականորեն դատապարտել է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի դիտորդների կալանավորումը՝ հորդորելով անհապաղ և առանց որևէ նախապայմանների ազատ արձակել դիտորդներին:

«ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտում է ԵԱՀԿ-ի ռազմական դիտորդների և նրանց ուղեկցող Ուկրաինայի մի շարք զինծառայողների վերջերս տեղի ունեցած կալանավորումը», - ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը շեշտել է, որ անօրինական գործողությունների իրականացման մեջ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Ուկրաինայում իրավիճակի զարգացման վրա ազդեցություն ունեցող բոլոր կողմերին Բան Կի-մունը հորդորել է օժանդակություն ցուցաբերել՝ իրավիճակի շուտափույթ լուծման նպատակով:

Բան Կի-մունը նշել է, որ Ուկրաինայում գործող միջազգային առաքելություններին պետք է տրամադրվի իրենց առջև դրված խնդիրներն առանց խոչընդոտների կատարելու հնարավորություն:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հորդորել է բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել Ուկրաինայում ծավալված ճգնաժամի լարվածությունը նվազեցնելուն ուղղված գործողություններ, ինչպես նաև վերադարձ կատարել դեպի Ժնևում ապրիլի 17-ին կայացած բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխզիջման մթնոլորտին:
XS
SM
MD
LG