Մատչելի հղումներ

«Մտահոգիչ է այն փաստը, որ մարդասպան Սաֆարովի հանցագործությունը շարունակում է փառաբանվել Ադրբեջանում». ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան


ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կշարունակի իր մտահոգությունը բարձրաձայնել այս աղաղակող քայլի վերաբերյալ, որի արդյունքում ոտնահարվել են արդարադատության, մարդու իրավունքների ու արժանապատվության նորմերը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում փետրվարի 19-ին անցկացվել է քննարկում «Օրենքի գերակայության ամրապնդումը` միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հարցում» թեմայով:

Քննարկմանը, որը նախագահում էր Լիտվայի արտգործնախարարը, ելույթներ են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, Չիլիի ու Լատվիայի արտգործնախարարները, մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության, կարևորելով օրենքի գերակայության հաստատման հարցում անպատժելիության դեմ պայքարի անհրաժեշտությունը և ողջունելով ցեղասպանության ու մարդկության դեմ կատարած այլ ծանր հանցագործությունների համար պատասխանատուներին արդարադատության հանձնելուն ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետևողական ջանքերը՝ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Նազարյանը հավելել է, որ արդարադատությունը և օրենքի գերակայության արժեքները էական նշանակությունն ունեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

«Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցի առթիվ Հայաստանի դեսպանը նշել է, որ մեծապես մտահոգիչ է այն փաստը, որ 2004 թվականին մարդասպան Սաֆարովի իրականացրած սարսափելի հանցագործությունը շարունակում է փառաբանվել Ադրբեջանի կառավարական և հասարակական շրջանակների կողմից՝ հանդիսանալով հայրենասիրության օրինակ երիտասարդության համար», - ասված է հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կշարունակի իր մտահոգությունը բարձրաձայնել այս աղաղակող քայլի վերաբերյալ, որի արդյունքում ոտնահարվել են արդարադատության, մարդու իրավունքների ու արժանապատվության նորմերը:
XS
SM
MD
LG