Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հարցով բարձրագույն մարմինն ուրբաթ օրը Ժնևում անցկացնում է արտահերթ նիստ՝ նվիրված Սիրիայի Հուլա քաղաքում անցյալ շաբաթվա ընթացքում բազմաթիվ մարդկանց սպանդի հարցին:
Սպասվում է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը մասնակի պատասխանատվության կենթարկի Սիրիայի կառավարությանը 108 մարդու մահվան համար:
Հուլայում սպանված մարդկանց գրեթե կեսը երեխաներ են եղել:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի բանաձևի ավելի վաղ տարածած նախագծում դատապարտվել են Հուլայում սպանությունները, որոնց ընթացքում «կառավարական ստորաբաժանումների տանկերից և թնդանոթներից հրետանային կրակ է բացվել»: Բանաձևի նախագծում դատապարտվել է նաև քաղաքացիական անձանց նկատմամբ ուժի գործադրումն ու Սիրիայի կառավարությանը կոչ արվել անմիջապես դադարեցնել բռնությունները:
Սպասվում է, որ Մարդու իրավունքների խորհուրդը պահանջելու է իրականացնել սպանդի հետաքննությունը:
Սիրիայի կառավարությունն իր հերթին հինգշաբթի օրը սպանդի համար պատասխանատվությունը դրել է ընդդիմության զինված խմբերի վրա, որոնք, ըստ Դամասկոսի, «հարձակում են գործել հակակառավարական ցույցերում մասնակցելուց հրաժարված ընտանիքների վրա»:
Սիրիայի կառավարության այս հայտարարությունն անմիջապես հերքվել է ԱՄՆ-ի պաշտոնյաների կողմից:
Այս ընթացքում ընդդիմության ակտիվիստները հայտնել են նոր բախումների մասին: «Տեղական համակարգման հանձնաժողովներ» խումբը հատնել է «Սիրիայի ազատ բանակ»-ի և կառավարական ստորաբաժանումների միջև Դամասկոսի արվարձաններում ուրբաթ օրվա առավոտից սկսված կատաղի մարտերի մասին: