Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը հաստատել է Սիրիայի քիմիական զինաթափման բանաձևը


Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդի կողմից քվեարկությամբ ավարտի է հասցվել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև մի քանի շաբաթ տևած դիվանագիտական լարված աշխատանքը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է Սիրիայի կառավարությանը միջուկային զենքերի զինանոցը հանձնել պարտադրող բանաձևը:

Միավորված ազգերի կազմակերպության 15 անդամից բաղկացած խորհրդի կողմից ուրբաթ ուշ երեկոյան անցկացված քվեարկությամբ ավարտի է հասցվել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև մի քանի շաբաթ տևած դիվանագիտական լարված աշխատանքը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի զինաթափման վերաբերյալ ընդունված բանաձևի հիմքում ընկած է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ժնևում այս ամսվա սկզբին ձեռք բերված համաձայնությունը, որը ձեռք է բերվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկում հարյուրավոր մարդկանց մահվան պատճառը դարձած՝ «զարին» թունավոր նյութի կիրառմամբ իրականացված հարձակումից հետո:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը կանխել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ ԱՄՆ-ի ռազմական պատժիչ գործողությունների իրականացումը: Դամասկոսի արվարձանում այս տարվա օգոստոսին իրականացված հարձակման մեջ Վաշինգտոնը մեղադրում է Սիրիայի նախագահի վարչակարգը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումից առաջ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հաստատել է Սիրիայում առկա քիմիական զենքի գրացուցակավորման և ոչնչացման ծրագիրը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման միջազգային հանրության «հսկա հաղթանակ» է անվանել բանաձևը: Օբամայի համաձայն, այն «իրավական ուժ ունեցող և ստուգման ենթարկվող» նախաձեռնություն է, որը նախատեսում է պատժամիջոցներ այն դեպքում, եթե Սիրիայի իշխանությունները չհետևեն բանաձևի պայմաններին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևի համաձայն, Սիրիայի կառավարության կողմից հայտարարագրված քիմիական զենքի գտնվելու բոլոր վայրերում 30 օրվա ընթացքում պետք է կատարվեն ստուգայցեր: Միջազգային փորձագետները ստուգումները կսկսեն գալիք երեքշաբթի օրը:
ՄԱԿ-ի բանաձևով նախատեսված է նաև, որ Ասադի կառավարությունը մինչև 2014 թվականի կեսը պետք է միջազգային հանրությանն ամբողջությամբ հանձնի քիմիական զենքը:
XS
SM
MD
LG