Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի դիտորդներն այցելել են Դամասկոսի արվարձաններ


Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների մի փոքր խումբ այցելել է Դամասկոսի արվարձան Զաբադանին՝ փորձելով ամրապնդել անկայուն զինադադարը, որի միջոցով դեռևս չի հաջողվել վերջ տալ արդեն 13 ամիս շարունակվող հակամարտության:

Ութ հոգուց բաղկացած Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների առաջին խմբի խոսնակ Նիրաջ Սինգհի համաձայն, երկուշաբթի օրը խմբին միանալու է ևս երկու դիտորդ:

Սպասվում է, որ մոտակա մի քանի օրվա ընթացքում Սիրիա են ժամանելու ՄԱԿ-ի լրացուցիչ դիտորդներ՝ այսպիսով 30-ի հասցնելով երկրում գտնվող անզեն դիտորդների թիվը:

Խաղաղության միջազգային հանձնակատար Քոֆի Անանի կողմից առաջարկված ծրագրի համաձայն, Սիրիայում դիտորդների թիվը կարող է հասցնել 300-ի: Դիտորդների նման թվի գործուղման մասին որոշումը սակայն պետք է կայացնի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը՝ հիմք ընդունելով երկրում ստեղծված իրավիճակի անվտանգության աստիճանը:

Այս դեպքն առաջինն է, երբ ՄԱԿ-ը հակամարտության գոտի է գործուղել անզեն դիտորդների առաքելություն: Արևմտյան պետությունների դիվանագետները զգուշացրել են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության կողմից զինադադարի պայմանները չկատարելու դեպքում առաքելությունը կարող է ձախողվել:

ՄԱԿ-ի երկու դիտորդ կիրակի օրը հենակետ են հիմնադրել Սիրիայի նախագահի դեմ ուղղված շարժման կենտրոններից մեկում՝ Հոմս քաղաքում: «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության ղեկավարի համաձայն, Հոմսում դիտորդների ներկայությունը զսպում է կառավարական ուժերը՝ ստիպելով վերջիններին զերծ մնալ հարձակումների իրականացումից:

XS
SM
MD
LG