Մատչելի հղումներ

ՄԱԿ-ն ու Իրանը միջուկային ոլորտում համագործակցության համաձայնություն են ձեռք բերել


ԱԷՄԳ-ն արդեն երկու տարի է, ինչ Իրանի հետ բանակցություններ է վարում՝ փորձելով ընդլայնել իր ունեցած մուտքի իրավունքներն դեպի այս երկրի միջուկային ծրագրի հետ առնչվող փաստաթղթեր, անձնակազմ ու հզորություններ

ՄԱԿ-ն ու Իրանը ձեռք են բերել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված չլուծված խնդիրների կարգավորման շուրջ համաձայնություն:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոյի և Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի միջև երկուշաբթի օրն անցկացված բանակցությունների արդյունքում երկու կողմերը մշակել են ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում ՄԱԿ-ը կկարողանա ընդլայնել այս երկրում իրականացվող տեսչական գործունեությունը՝ տեսչական այցեր կատարելով Իրանում գտնվող ծանր ջրի ռեակտոր ու ուրանի հանքավայր:

ԱԷՄԳ-ն արդեն երկու տարի է, ինչ Իրանի հետ բանակցություններ է վարում՝ փորձելով ընդլայնել իր ունեցած մուտքի իրավունքներն դեպի այս երկրի միջուկային ծրագրի հետ առնչվող փաստաթղթեր, անձնակազմ ու հզորություններ:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին այս ընթացքում Աբու Դաբի կատարվող իր այցի ժամանակ նշել է, որ Իրանի հետ բանակցությունների քննադատները, ներառյալ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, պետք է ճանաչեն, որ այս բանակցություններում աշխարհի տերությունները դեռևս որևէ համաձայնության չեն եկել:

Արտգործնախարար Քերիի համաձայն, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ռուսաստանն ու Գերմանիան Ժնևում անցյալ շաբաթվա վերջ անցկացված բանակցությունների ընթացքում միասնական ծրագիր են ներկայացրել Իրանի բանագնացներին, սակայն այդ ժամանակ Իրանը չէր կարողացել ընդունել իրեն ներկայացված ծրագիրը:

Հանդես գալով Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաքում՝ ԱՄՆ-ի արտգործնախարարը շեշտել է, որ միջուկային զենք ստեղծելուց Իրանին հետ պահող՝ վերահսկելու հնարավորություն ընձեռող համաձայնագիր ձեռք բերելու հնարավորության անտեսումն անպատասխանատու քայլ կլիներ:

Հիշեցնենք, որ Իրանի և աշխարհի տերությունների միջև Ժնևում կիրակի վաղ առավոտյան ավարտված բանակցությունների արդյունքում բանակցություններին մասնակցող կողմերը համաձայնության չէին եկել:
Իրանի իշխանություններն այնուամենայնիվ նշել էին, որ բանակցությունները հիասթափեցնող չէին եղել:

Իրանի նախագահ Հասան Ռուհանին, նախօրեին հանդես գալով երկրի խորհրդարանի առջև, ասել է, որ միջազգային բանագնացների հետ որևէ համաձայնության հասնելու քննարկումներում իր երկիրը «չի հրաժարվի միջուկային իր իրավունքներից, ներառյալ Իրանի տարածքում ուրանի հարստացում իրականացնելու իրավունքը»:
XS
SM
MD
LG