Մատչելի հղումներ

ՄԱԿ. «Հյուսիսային Կորեայում մարդասիրական օգնություն տրամադրելու աշխատանքների ֆինանսավորումը խիստ անբավարար է»


Միավորված ազգերի կազմակերպությունը հորդորել է միջազգային հանրությունը կողքի դնել քաղաքական տարաձայնությունները և ավելացնել Հյուսիսային Կորեայի ամենախոցելի բնակիչներին տրամադրվող մարդասիրական օգնություն տրամադրելու աշխատանքների ֆինանսավորումը:

ՄԱԿ-ը երեքշաբթի օրը, ներկայացնելով 2012 թվականին կոմունիստական այս պետությանը լրացուցիչ 198 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրման ֆինանսավորման պահանջը, հայտնել է, որ «Հյուսիսային Կորեայում մարդասիրական օգնություն տրամադրելու աշխատանքների ֆինանսավորումը խիստ անբավարար է»:

Միջազգային դոնորները 2011 թվականին տրամադրել են ՄԱԿ-ի կողմից Հյուսիսային Կորեային օգնություն տրամադրելու համար նախատեսված 218 միլիոն դոլարի մեկ երրորդը մի փոքր գերազանցող գումար, ինչի պատճառով «հնարավոր չի եղել արդյունավետ կերպով անդրադառնալ այս պետությունում առկա մարդասիրական խնդիրներին»:

ՄԱԿ-ն իր զեկույցում որպես «լրջագույն» է ներկայացրել Հյուսիսային Կորեայում տիրող մարդասիրական իրավիճակը՝ նշելով, որ երկրի 16 միլիոն բնակիչ շարունակում են ապրել պարենային անվտանգության քրոնիկ պակասից, երկրում պահպանվում են թերսնման բարձր ցուցանիշները, շարունակվում են խորապես արմատացած տնտեսական խնդիրները:

Ըստ զեկույցի, ամենամեծ վտանգը սպառնում է թերսնված երեխաներին: Այսպես, Հյուսիսային Կորեայում հինգ տարեկանը չլրացած երեխաների գրեթե մեկ երրորդի մոտ հայտնաբերվել են հյուծվածության նշաններ, իսկ հարյուրավոր երեխաների մահվան պատճառն են դառնում լուծի նման առողջական բուժվող վիճակներ:

ՄԱԿ-ի համաձայն, դոնորները պետք է առանձնացնեն Հյուսիսային Կորեայում տիրող քաղաքական իրավիճակն այս երկրում մարդասիրական ոլորտում ստեղծված իրավիճակից:

Հյուսիսային Կորեան 1990-ականներին հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառը դարձած երաշտի ժամանակից տառապում է պարենի քրոնիկ պակասից:

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև այս տարվա փետրվարին ձեռք էր բերվել համաձայնություն, որտեղ վերջինս պարտավորվել է դադարեցնել միջուկային և հրթիռային իր ծրագրերը՝ փոխարենը Միացյալ Նահանգներից ստանալով 240 հազար տոննա պարենային օգնություն:

Վաշինգտոնը սակայն դադարեցրել է համաձայնագրի գործողությունը՝ ապրիլ ամսին Փխենյանի կողմից հրթիռի արձակման իրականացման պատճառով, որը, ըստ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի, բալիստիկ հրթիռի քողարկված փորձարկում է եղել:

Չնայած Հյուսիսային Կորեայի հետ առկա քաղաքական տարաձայնությունների՝ Միացյալ Նահանգները միջազգային հանրության կողմից կոմունիստական պետությանը երաշտի ժամանակից պարենային օգնության ամենամեծ ծավալները տրամադրող կողմն է:

XS
SM
MD
LG