Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատարն անհանգստություն է արտահայտել


ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմիի հանդիպումը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, Դամասկոս, 2012 թվականի դեկտեմբերի 24
ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմիի հանդիպումը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, Դամասկոս, 2012 թվականի դեկտեմբերի 24

ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատարը նշել է, թե հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ որևէ առաջընթաց չի գրանցվել

Սիրիայում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու հանձնառությունը ստանձնած ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմին նախագահ Բաշար ալ-Ասադի հետ ունեցած հանդիպումից հետո ասել է, թե իրավիճակը դեռևս «անհանգստացնող» է մնում:

Սիրիայի նախագահի հետ հանդիպումից հետ լրագրողների հետ ունեցած կարճատև ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատարը նշել է, թե հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ որևէ առաջընթաց չի գրանցվել:

Լախդար Բրահիմին ասել է նաև, որ նախագահական պալատում Ասադի հետ ունեցած հանդիպման ընթացքում կայացել է հակամարտության վերաբերյալ կարծիքների փոխանակում, ինչպես նաև առաջընթացի հնարավոր քայլեր, որոնց վերաբերյալ Բրահիմին որևէ մանրամասնություն չի ներկայացրել:

«Սիրիայում ստեղծված իրավիճակն անհանգստացնող է մնում, Հույս ունենք, որ կողմերը կգան այն եզրակացության, որի կարիքն ունի Սիրիայի ժողովուրդը»,- ասել է Բրահիմին:

Սիրիայի պետական լրատվամիջոցը, մեջբերելով նախագահ Ասադի խոսքերը, հայտնել է, թե երկրի կառավարությունը «սատարում է Սիրիայի բնակչության շահերին համապատասխանող ցանկացած գործողություն, որի արդյունքում կպահպանվի երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը»:

ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմիի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի միջև հանդիպման նախօրեին երկրի կենտրոնական մասում ապստամբների կողմից վերահսկվող քաղաքներից մեկի ուղղությամբ իրականացված օդային հարվածի հետևանքով, ըստ ընդդիմության ակտիվիստների, զոհվել է 60 մարդ:

Բրտահիմին այս տարվա սեպտեմբերի ամսին Սիրիայում շարունակվող հակամարտությանը վերջ տալու գործում առաջընթաց գրեթե չի գրանցել հիմնականում այն պատճառով, որ հակամարտության կողմերը կտրականապես հրաժարվում են միմյանց հետ բանակցություններ վարելուց:
XS
SM
MD
LG