Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Իրան


Բան Կի-մունը կմասնակցի Չմիավորման շարժման գագաթաժողովին

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Իրան՝ Չմիավորման շարժման գագաթաժողովին մասնակցելու նպատակով՝ չնայած Միացյալ Նահանգների և Իսրայելի ունեցած առարկությունների: Միացյալ Նահանգների և Իսրայելի համաձայն, այս այցը «վատ ազդանշան» է:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Մարտին Նեսիրսկիի համաձայն, կազմակերպության գլխավոր քարտուղարն իր այցի ընթացքում կփոխանցի Իրանի միջուկային ծրագրի, ահաբեկչության, մարդու իրավունքների և Սիրիայում ճգնաժամի վերաբերյալ միջազգային հանրության ունեցած մտահոգություններն ու սպասումները:

Մարտին Նեսիրսկին նշել է նաև, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տեղյակ է իր այցի «զգայուն» բնույթի մասին, սակայն Իրանում կայանալիք գագաթաժողովի բոյկոտումը «բաց թողնված հնարավորություն» կլիներ:

Միացյալ Նահանգների համաձայն, իր մտահոգությունն է առաջացնում այն հանգամանքը, որ Իրանը կօգտագործի 120 անդամ ունեցող կազմակերպությունը «իր թերություններից ուշադրությունը շեղելու նպատակով»:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը հորդորել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ճնշում գործադրել Իրանի վրա, որպեսզի վերջինս սկսի կատարել միջազգային իր պարտավորությունները:

Չմիավորման շարժումը հիմնադրվել է 1961 թվականին այն պետությունների կողմից, որոնք չէին դարձել այն ժամանակի հիմնական որևէ դաշինքի անդամ: Սպասվում է, որ հաջորդ շաբաթ կայանալիք գագաթաժողովին կմասնակցեն մի քանի պետությունների ղեկավարներ, արտգործնախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
XS
SM
MD
LG