Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում հետաքննել Իսրայելի հարձակումը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն առաջարկել է ստեղծել միջազգային հանձնաժողով:

Իսրայելի պաշտոնյաների հաղորդմամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն առաջարկել է ստեղծել միջազգային հանձնաժողով` հետաքննելու շրջափակված Գազայի համար հումանիտար օգնություն տեղափոխող նավերի վրա Իսրայելի իրականացրած հարձակումը:

Նույն աղբյուրի համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է, որ հանձնաժողովը ղեկավարի Նոր Զելանդիայի վարչապետ Ջեֆրի Փալմերը: Հանձնաժողովում ընդգրկվելու են Իսրայելի, Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներ:

ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, որ հետաքննության տարբերակների շուրջ Բան Կի-մունը քննարկումներ է ունեցել Թուրքիայի և Իսրայելի հետ:

Անցած երկուշաբթի օրը Իսրայելի զինված ուժերը, գրոհելով "Մավի Մարմարա" նավի վրա, սպանել էին ինն ակտիվիստների: "Մավի Մարմարան" մարդասիրական օգնությամբ բեռնված այն նավերից էր, որոնք փորձում էին ճեղքել Իսրայելի կողմից երեք տարի շարունակվող շրջափակումը և օգնությունն ուղղակիորեն մատակարերել Գազայի գոտի:

Շաբաթ օրը Իսրայելի զինված ուժերն առանց դիմադրության գրավեցին հումանիտար օգնությամբ բեռնված իռլանդական "Ռեյչըլ Քորի" նավը, երբ այն մոտենում էր Գազային: Իսրայելի նավատորմը ուղեկցել է նավը դեպի Էշդոդի նավահանգիստ: Իսրայելը սկսել է արտաքսել նավի միջազգային ակտիվիստներին:

Իռլանդական նավը կրում է պաղեստինամետ Միջազգային համերաշխության շարժման ակտիվիստ Ռեյչըլ Քորիի անունը: 23-ամյա Քորին սպանվել է Գազայի գոտում իսրայելական բուլդոզերի կողմից, երբ նա փորձում էր իսրայելցի զինվորներին խանգարել քանդելու պազեստինցիների բնակավայրերը:

Իսրայելի կառավարության հանդիպմանը վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ "Մավի Մարմարա" նավի ակտիվիստները, նավ բարձրանալիս, խուսափել են անվտանգության ստուգումներից: Նրա խոսքերով, ակտիվիստների միակ նպատակը իսրայելցի զինվորների հետ բռնի բախումն էր:

XS
SM
MD
LG