Մատչելի հղումներ

ՄԱԿ. «Օգոստոսին Սիրիայից հեռացել է 100 հազար մարդ»


"Կարմիր խաչ" միջազգային կազմակերպության նախագահը հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ

Միավորված ազգերի կազմակերպության տվյալների համաձայն, օգոստոս ամսվա ընթացքում Սիրիայից հեռացել է մոտ 100 հազար մարդ՝ դառնալով անցյալ տարի բռնկված խռովությունների սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշը:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Մելիսա Ֆլեմինգը երեքշաբթի օրը հայտնել է, որ 2011 թվականի մարտից փախստականի կարգավիճակ ստացած կամ նման կարգավիճակ ստանալուն սպասող սիրիացիների ընդհանուր թիվը հասել է մոտ 235 հազարի:

Ֆլեմինգը «փախստականների շարժի զգալի ավելացում» է անվանել օգոստոս ամսին գրանցված ցուցանիշները:

Այս ընթացքում Կարմիր խաչի նախագահը, որը Դամասկոս է ժամանել երկրի բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման բարելավմանը նվիրված եռօրյա այցով, հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

Ըստ Կարմիր խաչի հաղորդագրության, կազմակերպության նախագահ Պետեր Մաուրերը երեքշաբթի օրը մոտ 45 րոպե բանակցություններ է անցկացրել Ասադի հետ: Կարմիր խաչը լրացուցիչ մանրամասներ չի հաղորդել, սակայն ավելի վաղ հայտնել էր, որ հանդիպումների ընթացքում Մաուերը նախատեսում է անդրադառնալ երկրում արագ վատթարացող հումանիտար իրավիճակին, ինչպես նաև այն դժվարություններին, որոնց հանդիպում են կազմակերպության և Սիրիայի արաբական Կարմիր մահակի աշխատողները՝ բռնությունների պատճառով տուժած մարդկանց օգնություն տրամադրելու գործում:
XS
SM
MD
LG