Մատչելի հղումներ

Ռուսաստանամետ զինյալներն Ուկրաինայում օդանավ են տապալել, կան բազմաթիվ զոհեր


Օդանավի 40 ուղևորներն ու անձնակազմի ինն անդամները զոհվել են շաբաթ վաղ առավոտյան Ուկրաինայի օդուժին պատկանող «Իլ-76» օդանավը ռուսաստանամետ զինյալների կողմից տապալելու պատճառով

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակից հայտնել են, որ ռուսաստանամետ զինյալները տապալել են ռազմական տրանսպորտային մի օդանավ, ինչի հետևանքով զոհվել է 49 մարդ:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն խորհրդակցությունների է հրավիրել երկրի պաշտպանության և անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ նախագահ Պորոշենկոն ասել է, որ ահաբեկչական այս գործողության մեջ բոլոր ներգրավվածները պետք է պատիժ կրեն:

«Ուկրաինային խաղաղություն է անհրաժեշտ: Ահաբեկիչները սակայն համապատասխան արձագանքի կարժանանան», - շեշտել է Ուկրաինայի նախագահը:

Ուկրաինայի գլխավոր դատախազության համաձայն, օդանավի 40 ուղևորներն ու անձնակազմի ինն անդամները զոհվել են շաբաթ վաղ առավոտյան Ուկրաինայի օդուժին պատկանող «Իլ-76» օդանավը ռուսաստանամետ զինյալների կողմից տապալելու պատճառով:

Երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զինծառայողներ և նյութեր փոխանցող օդանավը տապալվել էր Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում վայրէջք կատարելու ժամանակ: Օդանավի ուղղությամբ, ըստ պաշտպանության նախարարության, կրակ էր արձակվել խոշոր տրամաչափի գնդացրից:

Ուկրաինայի դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ երկրի հակաահաբեկչական օրենսդրության շրջանակներում:

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունն ուրբաթ օրը հաստատել էր, որ Ռուսաստանից Ուկրաինայի տարածք էին տեղափոխվել այս երկրում գործող ռուսաստանամետ անջատողականների համար նախատեսված հրասայլեր և ծանր այլ տեխնիկա:

ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակ Մարի Հարֆի համաձայն, «Տ-64» երեք հրասայլից, հրթիռների արձակման մի քանի կայանից և ռազմական այլ մեքենաներից բաղկացած մի շարասյուն վերջին երեք օրվա ընթացքում Ուկրաինայի սահմանն էր հատել Սնիժնե քաղաքի մոտակայքում:

ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակն «անընդունելի» է անվանել նման քայլերը:
XS
SM
MD
LG