Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի բանաձևի նախագծում Ղրիմի հանրաքվեն անվավեր է ճանաչվում


Ուկրաինայի կողմից ՄԱԿ-ի անդամ պետությունների գերակշռող մեծամասնության աջակցությունը ձեռք բերելու դեպքում բանաձևը կարող է դառնալ քաղաքական հստակ նշան այն մասին, որ Ղրիմի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը լայն աջակցություն չի վայելում

Ուկրաինան տարածել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագիծ, որտեղ անվավեր է ճանաչվում Ղրիմում Ռուսաստանին միանալու հարցով վերջերս անցկացված հանրաքվեն:

Բանաձևի նախագծի բովանդակությունը նման է Մոսկվայի կողմից այս ամսվա ընթացքում ավելի վաղ արգելափակված ՄԱԿ-ի բանաձևի բովանդակությանը:

ՄԱԿ-ի դիվանագետների համաձայն, կազմակերպության 193 անդամների շրջանում Ուկրաինայի կողմից տարածված նոր բանաձևում ասված է, որ հանրաքվեն «չի կարող հիմք ծառայել Ղրիմի Ինքնավար Հանրապետության կամ Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակի ցանկացած փոփոխության համար»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հավանության արժանացնելու դեպքում բանաձևը պարտադրող ուժ չի ունենալու: Սակայն եթե Ուկրաինան կարողան ձեռք բերել ՄԱԿ-ի անդամ պետությունների գերակշռող մեծամասնության աջակցությունը, այս բանաձևը կարող է դառնալ քաղաքական հստակ նշան այն մասին, որ Ղրիմի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը լայն աջակցություն չի վայելում:

Նոր բանաձևի տեքստում Ռուսաստանը չի հիշատակվում, սակայն ասված է, թե Ասամբլեան «հորդորում է բոլոր պետություններին, միջազգային կազմակերպություններին ու մասնագիտացված կազմակերպություններին չընդունել Ղրիմի և Սևաստոպոլի կարգավիճակի ցանկացած փոփոխություն»:

Սպասվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ղրիմում Ռուսաստանին միանալու հարցով վերջերս անցկացված հանրաքվեն անվավեր ճանաչող բանաձևի նախագծով քվեարկությունը կանցկացվի հինգշաբթի օրը, և նույն օրը Գլխավոր ասամբլեան կքննարկի Ուկրաինայում ծավալված ճգնաժամը:

Հիշեցնենք, որ Ղրիմում Ռուսաստանին միացնելու հանրաքվեի անցկացնելու նախօրեին կայացած քվեարկության ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չէր հաջողվել ընդունել բանաձև, որը կոչ էր անում աշխարհի պետություններին չճանաչել ղրիմյան հանրաքվեի արդյունքները:

Ռուսաստանը դեմ էր քվեարկել բանաձևի նախագծին, մինչդեռ Չինաստանը ձեռնպահ էր մնացել:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 13 այլ անդամները կողմ էին քվեարկել բանաձևի ընդունման:
XS
SM
MD
LG