Մատչելի հղումներ

Ուկրաինան մերժել է գազի գինը նվազեցնելու Ռուսաստանի առաջարկը


Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը երկրի կառավարության չորեքշաբթի օրն անցկացված նիստի ընթացքում ասել է, որ հազար խորանարդ մետր բնական գազի դիմաց 100 դոլարի «զեղչը» Ուկրաինայի կողմից բնական գազի առաքման պայմանագրում փոփոխություններ կատարելուն համարժեք փոխարինում չէ

Ուկրաինան մերժել է Ռուսաստանի կողմից գազի գինը նվազեցնելու առաջարկը, որը կարող էր ավելի քան 20 տոկոսով նվազեցնել Ուկրաինա առաքվող բնական գազի գինը, և բացառել է գազի դիմաց պարտքը վճարելու հնարավորությունն այնքան ժամանակ, մինչև կողմերի միջև ձեռք չբերվի համաձայնություն գազի գնի շուրջ:

Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը երկրի կառավարության չորեքշաբթի օրն անցկացված նիստի ընթացքում ասել է, որ հազար խորանարդ մետր բնական գազի դիմաց 100 դոլարի «զեղչը» Ուկրաինայի կողմից բնական գազի առաքման պայմանագրում փոփոխություններ կատարելուն համարժեք փոխարինում չէ:

«Ռուսաստանն առաջարկել է նվազեցնել գազի գինը 100 դոլարով՝ «զեղչ» անվանելով այն: Ցանկանում եմ պաշտոնապես նշել, որ մենք ծանոթ ենք Ռուսաստանի նման թակարդներին: Ռուսաստանի կառավարության կողմից սահմանված զեղչը կարող է չեղյալ հայտարարվել Ռուսաստանի կառավարության որոշմամբ», - ասել է վարչապետ Յացենյուկը:

Երկու պետությունների միջև բնական գազի առաքման մասին 2009 թվականին կնքված պայմանագրով նախատեսված է, որ Ուկրաինան Ռուսաստանից պետք է գնի բնական գազի որոշակի ծավալ՝ անկախ դրա անհրաժեշտ լինելուց, իսկ հազար խորանարդ մետր բնական գազի դիմաց Ուկրաինայի կողմից վճարվող գինը կազմում է 485 դոլար, ինչը Եվրոպայում բնական գազի դիմաց վճարվող ամենաբարձր գինն է:

Ուկրաինայի վարչապետի համաձայն, Ռուսաստանը որպես «քաղաքական զենք» է օգտագործում բնական գազը:

«Մենք պահանջում ենք փոփխություններ կատարել պայմանագրում: Եթե գազը քաղաքական զենք է, ապա պարզ է, որ դա Ռուսաստանի կառավարության ձեռքում գտնվող քաղաքական զենք է: Եթե սակայն գազը ապրանք է, ինչպես ամբողջ աշխարհում, ապա մենք իրականացնում ենք առևտուր՝ պայմանագրի հիման վրա, այլ ոչ թե Ռուսաստանի կողմից Ուկրաինայի կառավարությանը հավանության արժանացնելու կամ չարժանացնելու հիման վրա», - շեշտել է Յացենյուկը:

Ուկրաինայի և Ռուսատանի պաշտոնյաները չորեքշաբթի օրը շարունակել են Բրյուսելում վարվող բանակցությունները՝ փորձելով կարգավորել Ռուսաստանի կողմից Ուկրաինային առաքված էներգակիրների դիմաց գոյացած պարտքի խնդիրը, որն այժմ կազմում է մի քանի միլիարդ դոլար:

Ռուսաստանն ավելի վաղ սպառնացել էր դադարեցնել գազամատակարարումը, ինչը կարող է առանց բնական գազի թողնել Եվրոպայի զգալի մասեր:

Ռուսաստանի պետական «Գազպրոմ» ընկերության գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլերը չորեքշաբթի օրն ասել է, որ Ռուսաստանն Ուկրաինային մինչև գալիք երկուշաբթի է ժամանակ հատկացրել՝ առաքված բնական գազի դիմաց կանխավճար կատարելու մասին ավելի վաղ սահմանված պահանջը կատարելու համար:
XS
SM
MD
LG