Մատչելի հղումներ

Ուկրաինայում ցուցարարներն ընդարձակել են բարիկադները


«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն ոչինչ չի կարող արդարացնել Ուկրաինայի ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ իրականացված դաժան ծեծն ու խոշտանգումները

Ուկրաինայի ընդդիմության ցուցարարներն ուրբաթ օրվա սկզբին ընդլայնել են երկրի մայրաքաղաք Կիևի փողոցներում կառուցված բարիկադներն այն բանից հետո, երբ երկրի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքում որևէ առաջընթաց չի գրանցվել:

Ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի համաձայն, ընդդիմության առաջնորդների և նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջև բանակցություններն «ապարդյուն են եղել»:

«Շատ երկար դատարկ խոսակցություն էր: Այժմ հասկանում եմ՝ որևէ իմաստ չունի սեղանի շուրջ նստել այն մարդու հետ, որը կանխավ որոշել էր ստել քեզ», - ասել է Կլիչկոն:

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն ոչինչ չի կարող արդարացնել Ուկրաինայի ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ իրականացված դաժան ծեծն ու խոշտանգումները:

Կազմակերպությունը կոչ է արել հետաքննություն անցկացնել տեղի ունեցած չարաշահումների կապակցությամբ:

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, որի ընթացքում հորդորել է անհապաղ նվազեցնել երկրում ստեղված իրավիճակը:

ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, փոխնախագահ Բայդենը, բացի այդ, զգուշացրել է Ուկրաինայի նախագահին այն մասին, որ արյունահեղության շարունակությունը հետևանքներ կունենա Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների համար:
XS
SM
MD
LG