Մատչելի հղումներ

Ուկրաինայի արևելքում անջատողականները հրաժարվում են ազատել գրավված շենքերը


Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենիյ Յացենյուկը, ուրբաթ օրը հանդես գալով երկրի խորհրդարանում, ասել է, որ կատարելու է համաներման մասին ձեռք բերված համաձայնությունը

Ուկրաինայի արևելյան շրջաններում ռուսաստանամետ զինյալները շարունակում են զբաղեցնել կառավարական շենքերը՝ չնայած Մոսկվայի և Կիևի միջև ձեռք բերված համաձայնության:

Սլավյանսկ քաղաքի քաղաքապետարանի շենքի առջև ավազով լսված պարկերից կառուցված բարիկադների հետևում դեռևս կանգնած են Կալաշնիկովի ինքնաձիգով զինված անձինք: Անջատողականները վերահսկում են քաղաքացի հիմնական փողոցները և մեքենաներ խուզարկում քաղաքի տարբեր մասերում տեղադրված հսկիչ-անցագրային կետերում:

Դոնեցկում ռուսաստանամետ անջատողականների առաջնորդ Դենիս Պուշիլինը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն նրան հավատարիմ մարդիկ կազատեն իրենց վերահսկողության տակ անցած շենքերը միայն այն դեպքում, եթե Կիևի անցումային կառավարության հրաժարական ներկայացնի:

Պուշիլինի համաձայն, Ուկրաինայի ներկայիս իշխանություններն անօրինական են:

Ուկրաինան և Ռուսաստանը նախօրեին ձեռք էին բերել համաձայնություն, որով նախատեսվում է ձեռնարկել երկու պետությունների միջև սահմանին լարվածության նվազեցմանն ուղղված նախնական քայլեր: Համաձայնությունը կոչ է անում անհապաղ ազատել ռուսաստանամետ զինյալների կողմից զբաղեցված բոլոր շենքերը: Հաղորդագրությունների համաձայն սակայն, ուրբաթ օրվա դրությամբ Ուկրաինայի արևելյան շրջաններում անջատողականների կողմից գրավված շենքերից ոչ մեկը դեռևս չի ազատվել:

Ժնևում նախօրեին անցկացված քառակողմ բանակցությունների արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, բացի այդ, ասված է, որ համաներում կշնորհվի զենքը վայր դրած և Ուկրաինայի կառավարական շենքերն ազատ արձակված ցուցարարներին, բացառությամբ լուրջ հանցագործություններ գործած անձանց:

Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենիյ Յացենյուկը, ուրբաթ օրը հանդես գալով երկրի խորհրդարանում, ասել է, որ կատարելու է համաներման մասին ձեռք բերված համաձայնությունը:

«Ուկրաինայի կառավարությունն արդեն իսկ պատրաստել է համաներման մասին օրինագիծ: Եթե անօրինական եղանակով զենք վերցրած և շենքերը գրավված անձինք վայր դնեն զենքը և ազատեն գրավված շենքերը, ապա կարծում ենք, որ նրանք պետք է համաներման արժանանան», - ասել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատարը:
XS
SM
MD
LG