Մատչելի հղումներ

Ուկրաինայի ոստիկանությունը ցրել է ԵՄ–ի հետ ասոցացման գնալու կողմնակիցներին


Ընդդիմության առաջնորդ. «Վիլնյուսում Յանուկովիչի կողմից Ասոցացման համաձայնագիրը ստորագրել հրաժարվելուց հետո Ուկրաինան այլ երկիր է արթնացել: Այն այժմ ավելի նման է Բելառուսի»

Ուկրաինայի ոստիկանության հատուկ ուժերը շաբաթ օրվա առավոտյան կիրառել է մահակներ և ձայնային նռնակներ՝ ցրելու համար մայրաքաղաք Կիևում արդեն մի քանի օր շարունակ ԵՄ–ի հետ ասոցացման գնալու կողմնակիցների բողոքի ցույցը:

Ոստիկանության ուժերը գրոհել էին Կիևի Անկախության հրապարակում ցուցարարների ճամբարը: Հարձակման ընթացքում ծեծի են ենթարկվել բազմաթիվ ցուցարարներ, մի քանի մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Տուժածների թվի մասին ստույգ տեղեկություններ չեն հաղորդվել:

Ոստիկանությունը ձերբակալել է բախումների 35 մասնակից, որոնք քիչ անց ազատ են արձակվել:

Կիևում լարվածությունը սկսել էր աճել ուրբաթի օրվանից, երբ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվել էր Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ԵՄ-ի առաջնորդների հետ անցկացված գագաթաժողովի ընթացքում Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց՝ այսպիսով խախտելով Եվրամիության հետ երկրի ինտեգրումն իրականացնելու խոստումը:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության համաձայն, ոստիկանության հատուկ ուժերի ծառայողները ցուցարարների դեմ գործողությունների են դիմել այն բանից հետո, երբ «ցուցարարները սկսել էին դիմադրություն ցույց տալ ոստիկանության սովորական ուժերի ծառայողներին՝ վերջինների ուղղությամբ նետելով աղբ, շշեր և այրվող իրեր»:

Բախումներից հետո ոստիկանության ուժերը հրապարակից հեռացրել են հականախագահական պաստառներն ու ցուցարարների կողմից տեղադրված դրոշները, ներառյալ Եվրամիության դրոշը, ապա արգելել մուտքը հրապարակ:

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Արսենի Յացենյուկը խիստ քննադատության է ենթարկել Յանուկովիչի Կոմղից Վիլնյուսում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելը՝ նշելով, որ այս քայլը ամրապնդել է Մոսկվայի վերահսկողությունը Կիևի նկատմամբ:

«Վիլնյուսում Յանուկովիչի կողմից [Ասոցացման համաձայնագիրը] ստորագրել հրաժարվելուց հետո Ուկրաինան այլ երկիր է արթնացել: Այն այժմ ավելի նման է Բելառուսի», - ասել է Յացենյուկը:

Ծանրաքաշի աշխարհի բռնցքամարտի չեմպիոն, հետագայում ընդդիմադիր քաղաքացիական գործիչ դարձած Վիտալի Կլիչկոն իր հերթին նշել է, որ «Անկախության հրապարակում տեսած վայրագություններից հետո մենք պետք է վտարենք Յանուկովիչին»:
XS
SM
MD
LG