Մատչելի հղումներ

Ուկրաինայի նախագահը հիվանդացել է


Ուկրաինայի ընդդիմության ցուցարարները խոստացել են շարունակել հակակառավարական ցույցերը՝ չնայած երկրի խորհրդարանի կողմից բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված ցուցարարներին համաներում շնորհելու մասին ընդունված օրենքի

Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, նախագահ Վիկտոր Յանուկովիչը հիվանդության պատճառով արձակուրդ է գնացել:

Հաղորդագրության համաձայն, նախագահը տառապում է տենդով զուգակցվող շնչուղիների սուր բորբոքմամբ:

Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունը սակայն չի նշում, թե որքան ժամանակով է արձակուրդի գնացել նախագահը, և թե արդյոք հիվանդության պատճառով արձակուրդի ընթացքում նախագահը կատարելու է աշխատանքային իր պարտականությունները:

Ուկրաինայի ընդդիմության ցուցարարներն այս ընթացքում խոստացել են շարունակել հակակառավարական ցույցերը՝ չնայած երկրի խորհրդարանի կողմից բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված ցուցարարներին համաներում շնորհելու մասին ընդունված օրենքի:

«Նրանք կողմ են քվեարկել այս օրենքին՝ ելնելով միմիայն իրենց շահերից: Նրանք ցանկանում են, որ մենք լքեն բոլոր շենքերը, օրինակ՝ Կիևի քաղաքապետարանը, որտեղ մենք հնարավորություն ունենք տաքանալու, քանի որ հիմա օդի ջերմաստիճանը դուրսը կազմում է մինուս 20 աստիճան, սակայն նրանք չեն ցանկանում անել ոչինչ, քանի որ մենք տեսել ենք, թե ինչպես են նրանք չեղյալ հայտարարել հունվարի 16-ին ընդունված օրենքները, իսկ Յանուկովիչը դեռևս չի ստորագրել այս որոշումը: Նրանք ստորագրում են միայն այն օրենքները, որոնք պետք են միայն իրենց», - նշել են ցուցարարները՝ բացատրելով հակակառավարական ցույցերը շարունակելու պատճառները:

Ուկրաինայի խորհրդարանը չորեքշաբթի ուշ երեկոյան հավանության է արժանացրել երկրում հակակառավարական բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված ցուցարարներին համաներում շնորհելու մասին օրինագիծը՝ հակակառավարական ցուցարարների կողմից վերահսկվող կառավարական շենքերն ազատ արձակելու նախապայմանով:

Ուկրաինայի խորհրդարանի ընդդիմության ներկայացուցիչները սակայն դեմ են հանդես եկել իրավական այս փաստաթղթի ընդունմանը:

Ընդդիմության առաջնորդ Արսենիյ Հացենյուկն «անընդունելի» էր անվանել խորհրդարանի կողմից ներկայացված նախապայմանը, ըստ որի ընդդիմության ակտիվիստները պետք է ազատեն իրենց վերահսկողության տակ վերցրած պետական մարմինների գրասենյակները:

Ուկրաինայի նախագահը երեքշաբթի օրը ընդունել էր վարչապետ Միկոլա Ազարովի և երկրի ամբողջ կառավարության հրաժարականը, որը եղել էր ընդդիմության հիմնական պահանջներից մեկը:

Նախագահ Յանուկովիչը, բացի այդ, նույն օրը ստորագրել էր խորհրդարանի կողմից ավելի վաղ հավանության արժանացրած՝ հավաքների դեմ ուղղված օրենքների գործունեության դադարեցման մասին որոշումը: Այս օրենքներն Ուկրաինայում դարձել էին բռնություններով զուգակցվող հակակառավարական զանգվածային ցույցերի դրդապատճառը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը վերահաստատել է իր կողմից ավելի վաղ տրված խոստումն այն մասին, որ նույնիսկ եթե Ուկրաինայում իշխանության գլուխ գան ընդդիմության ներկայացուցիչները, Մոսկվան կպահի այս երկրին 15 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու, ինչպես նաև բնական գազի գնի զգալի զիջումներ կատարելու մասին տրված խոստումը:

«Ես կդիմեմ մեր կառավարությանը ֆինանսական մեր բոլոր համաձայնություններն ամբողջությամբ կատարելու խնդրանքով», - ասել է նախագահ Պուտինը:
XS
SM
MD
LG