Մատչելի հղումներ

Ուկրաինայի նախագահն ու ընդդիմությունը «զինադադար» են հայտարարել


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դատապարտել է բռնություններն Ուկրաինայում՝ զգուշացնելով, որ չափից ավելի ուժ կիրառելը կարող է հետևանքների հանգեցնել

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու ընդդիմության առաջնորդները համաձայնվել են հայտարարել «զինադադար» և սկսել ուղիղ բանակցություններ՝ վերջ տալու համար երկրում գնալով սաստկացող բռնություններին:

Այս մասին հայտարարություն է հրապարակվել Ուկրաինայի նախագահի կայքում՝ Կիևում Ուկրաինայի ընդդիմության հիմնական երեք առաջնորդների հետ անցկացված բանակցություններից հետո:

Նախագահ Յանուկովիչի հետ բանակցություններին մասնակցած ընդդիմության առաջնորդ Արսենիյ Յացենյուկն իր «Բատկիվշչինա» կուսակցության կայքում հրապարակված հայտարարության մեջ ասել է, որ Կիևի Անկախության հրապարակի՝ Մայդանի գրոհը, որը երկրի իշխանությունները նախատեսում էին իրականացնել՝ երկրի ուժային կառույցների միջոցով, չի անցկացվի:

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ոստիկանության ուժերի հետ տեղի ունեցած բախումներից հետո, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ, հազարավոր ցուցարարներ չեն լքում քաղաքի հիմնական հրապարակը:

Կիևում տեղի ունեցած բռնությունների մեջ, որոնք սաստկացել էին այն ընթացքում, երբ ոստիկանության հատուկ ուժերը երեքշաբթի ուշ երեկոյան փորձել էին վերացնել ընդդիմության ճամբարը, նախագահ Յանուկովիչը մեղադրել է ընդդիմության առաջնորդներին:

Երկրի ոստիկանության և ընդդիմության ներկայացուցիչների համաձայն, խռովությունների ընթացքում զոհվածներից շատերի մահը վրա է հասել հրազենային կրակոցների պատճառով: Զոհվածներից ինը ոստիկանության ծառայողներ են եղել:

Բախումների հետևանքով վնասվածքներ են ստացել հարյուրավոր մարդիկ, խռովությունների մասնակիցներից շատերը ստացել են ծանր վնասվածքներ:

Կիևում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվել է մեկ լրագրող: Խռովությունների ընթացքում տուժած լրագրողներից է «Ամերիկայի Ձայն»-ի լրագրող Գեորգի Սաևիչը, որը տուժել էր Ուկրաինայի ոստիկանության «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման կողմից Կիևի Մայդանում ցուցարարների առաջին շարքերի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը դատապարտել է բռնություններն Ուկրաինայում՝ ասելով, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ այս երկրի կառավարությունը առավելագույն զսպվածություն կցուցաբերի, և զգուշացնելով, որ չափից ավելի ուժ կիրառելը կարող է հետևանքների հանգեցնել:

«Մենք ուշադիր կհետևենք Ուկրաինայի կառավարությանը, որը, հուսով ենք, զսպվածություն կցուցաբերի, այլ ոչ թե կդիմի բռնությունների՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ», - Մեքսիկա կատարվող իր այցը ընթացքում ասել է ԱՄՆ-ի նախագահ Օբաման:
XS
SM
MD
LG