Մատչելի հղումներ

Ուկրաինայում ձերբակալվել է ոստիկանության «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման 12 ծառայող


Ուկրաինայի իշխանությունները մեղադրում են ձերբակալվածներին Կիևի փողոցներում իրականացված զանգվածային սպանությունների մեջ

Ուկրաինայի իշխանությունները ձերբակալել են ոստիկանության «Բերկուտ» հատուկ նախկին ստորաբաժանման 12 ծառայող, որոնք մեղադրվում են Կիևում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի մասնակիցների ուղղությամբ հրազենային կրակ բացելու մեջ:

Այս մասին հաղորդել է Ուկրաինայի գլխավոր դատախազության ներկայացուցիչը, որի համաձայն ոստիկանության ձերբակալված ծառայողները մեղադրվում են Կիևի «Ինստիտուտսկայա» փողոցի վրա զանգվածային սպանությունների իրականացման մեջ:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալումից առաջ՝ փետրվարի 21-ին անցկացված զանգվածային ցույցերի ընթացքում սպանվել էր ավելի քան 100 մարդ, որոնցից շատերի մահը վրա էր հասել ոստիկանության դիպուկահարների կողմից բացված կրակի պատճառով: Այս գործողությունների իրականացման համար հիմնականում մեղադրում են Ուկրաինայի ոստիկանության այժմ ցրված «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումը:

Ուկրաինայի գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատարը տեղեկացրել է, որ ձերբակալվածները ծառայություն էին անցնում «Բերկուտ»-ի կազմում գործող հատուկ ստորաբաժանման՝ այսպես կոչված «սև վաշտի» շարքերում:

«Այս խմբի ծառայողները նախապատրաստվում էին հատուկ գործողությունների, այդ թվում՝ սպանությունների իրականացման համար: Խումբը վերահսկվում էր նախագահի վարչակազմի կողմից», - ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատարը:

Կիևում անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում Ուկրաինայի անվտանգության ուժերի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ փետրվարի 21-ին Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած արյունոտ իրադարձությունները ծավալվել էին տապալված նախագահ Յանուկովիչի անմիջական ղեկավարության ներքո:

Նրանց համաձայն, քաղաքում անցկացված բողոքի ցույցերի ընթացքում Ուկրաինայի անվտանգության ծառայության կենտրոնակայանում գտնվում էին Ռուսաստանի քաղաքացիներ, որոնց անունները չեն հիշատակվել:

Այս մեղադրանքների կապակցությամբ Ռուսաստանը դեռևս որևէ արձագանք չի ներկայացրել:
XS
SM
MD
LG