Մատչելի հղումներ

Ուկրաինայի վարչապետ. «Չենք հանձնի մեր տարածքի ոչ մի սանտիմետր»


Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը կայցելի Միացյալ Նահանգներ՝ Ղրիմում Ռուսաստանի հետ առճակատման շուրջ բարձրաստիճան հանդիպումներ անցկացնելու նպատակով

Ուկրաինայի վարչապետը երկրի մայրաքաղաքում կիրակի օրն անցկացված հավաքի ժամանակ խոստացել է Ռուսաստանին «չհանձնել երկրի տարածքի ոչ մի սանտիմետր»:

Այս հայտարարությամբ երկրի վարչապետ Արսենիյ Յացենյուկը հանդես է եկել Կիևում Ուկրաինայի մեծ բանաստեղծ և ազգային հերոս Տարաս Շևչենկոյի ծննդյան 200-րդ տարեդարձին նվիրված հանրահավաքի ընթացքում:

Հանդես գալով տոնակատարության մասնակիցների առջև՝ վարչապետ Յացենկուկն ասել է, որ երկրի «հայրերն ու պապերն արյուն են թափել այս հողի համար: Եվ մենք չենք հանձնի երկրի տարածքի ոչ մի սանտիմետր»:

Շևչենկոյի ծննդյան կապակցությամբ հանրահավաքներ են անցկացրել նաև Ղրիմի Սիմֆերոպոլ և Սևաստոպոլ քաղաքներում, արևելյան Դոնեցկ քաղաքում և երկրի այլ վայրերում:

Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը կիրակի օրն ավելի ուշ տեղեկացրել է, որ գալիք շաբաթ կուղևորվի Միացյալ Նահանգներ՝ Ղրիմում Ռուսաստանի հետ առճակատման շուրջ բարձրաստիճան հանդիպումներ անցկացնելու նպատակով:

ԱՄՆ-ի Սպիտակ տան ներկայացուցիչները հաստատել են Յացենյուկի հետ կայանալիք բանակցությունները, սակայն այլ մանրամասներ չեն տրամադրել:

Ռուսաստանի ուժերն այս ընթացքում ամրապնդել են իրենց դիրքերը Ղրիմում՝ չնայած ԱՄՆ-ի կողմից Մոսկվային հնչեցված նախազգուշացումներին այն մասին, որ Ռուսաստանին Ղրիմի միացմանն ուղղված քայլերը «կփակեն դիվանագիտական գործողությունների իրականացման համար հասանելի բոլոր հնարավորությունները»:

Ականատեսների համաձայն ակնհայտ է, որ Ղրիմում գործող զինծառայողները, չնայած իրենց համազգեստի վրա զինվորական տարբերանշանների բացակայության, Ռուսաստանի զինված ուժերի ծառայողներ են:

Ռուսաստանի ուժերը կիրակի օրը վերահսկողություն են հաստատել Ղրիմի արևմտյան մասում գտնվող սահմանապահ կետի նկատմամբ, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել սահմանապահ այս կետի 30 ծառայող:

Ուկրաինայի զինված ուժերի խոսնակի համաձայն, Ղրիմում Ռուսաստան այժմ վերահսկում է սահմանային 11 կետ:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը նախօրեին տեղեկացրել էր, որ Ղրիմի ռուսաստանամետ ուժերը կրկին չէին թույլատրել միջազգային մի խումբ դիտորդների մուտքը թերակղզի:

ԵԱՀԿ-ի կողմից նախօրեին հրապարակված հաղորդագրության համաձայն, շաբաթ օրը Ղրիմը վերահսկող ռուսաստանամետ ուժերի կողմից թերակղզու տարածք միջազգային դիտորդների մուտքն արգելելուց և օդ նախազգուշացնող կրակոցներ արձակելուց հետո վերջիններս վերադարձել էին Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոն քաղաք:

Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Օլեկսանդր Տուրչինովն ուրբաթ օրը ստորագրել էր հրամանագիր, որով չեղյալ է հայտարարվում Ղրիմի կողմից Ռուսաստանին միանալու հարցի շուրջ հանրաքվեն, որը նախատեսվում է անցկացնել մարտի 16-ին:

Ղրիմի տեղական իշխանությունները սակայն խոստացել են անցկացնել հանրաքվեն, իսկ Ռուսաստանի օրենսդիրներն իրենց հերթին պարտավորվել են սատարել Ղրիմին՝ Ուկրաինայի այս տարածաշրջանի կողմից Ռուսաստանի կազմ մտնելու մասին որոշում կայացնելու դեպքում:
XS
SM
MD
LG