Մատչելի հղումներ

Ուկրաինայի վարչապետը զգուշացրել է «աղետի եզրին» կանգնած լինելու մասին


«Հորդորում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հետ քաշել զինված ուժերը և հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ստորագրված երկկողմանի և բազմակողմանի համաձայնագրերին»

Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկն ասել է, որ Ուկրաինան կանգնած է «աղետի եզրին», և հորդորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դուրս բերել իր երկրի զինված ուժերը Ուկրաինայից:

«Սա արդեն տագնապի ազդանշան չէ: Սա սպառնալիք չէ, այլ իմ երկրին պատերազմի հայտարարություն: Մենք հորդորում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հետ քաշել զինված ուժերը և հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ստորագրված երկկողմանի և բազմակողմանի համաձայնագրերին», - ասել է Յացենյուկը՝ հանդես գալով Կիևում մամուլի հետ անցկացված հանդիպման ժամանակ:

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախագահ Անդրիյ Պարուբիյը կիրակի օրը կարգադրել է երկրի զինված ուժերին «հավաքագրել այն բոլորին, ում կարիքն Ուկրաինայի ամբողջ տարածքով այս պահին ունեն զինված ուժերը»՝ հավելելով, որ «զորահավաքը նպատակ է հետապնդում երաշխավորելու Ուկրաինայի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը»:

Պարիբույը, բացի այդ, ասել է, որ Ուկրաինայի արտգործնախարարությանը հրաման է տրվել դիմելու Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի օգնությանը՝ Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորելու համար:

Ուկրաինայի սահմանապահ ուժերը կիրակի օրը Ղրիմի Կերչ և Սևաստոպոլ քաղաքներում գտնվող երկու նավահանգստից դուրս են բերել իրենց նավերը՝ տեղափոխելով դրանք սևծովյան Մարիուպոլ և Օդեսա քաղաքներում գտնվող նավահանգիստներ: Այս քայլը նշանակում է, որ Ռուսաստանի ուժերն ավարտի են հասցնում Ղրիմի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իրենց ծրագիրը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կիրակի օրը զգուշացրել է Մոսկվային, որ Ղրիմի գրավումը վտանգում է խաղաղությունը Եվրոպայում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի համաձայն, Հյուսիսատլանտյան դաշինքը սատարում է իր ապագան ձևավորելու Ուկրաինայի ժողովրդի իրավունքը: Նա ասել է նաև, որ Ուկրաինան «ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկեր» է, և հորդորել է Ռուսաստանին նվազեցնել տարածաշրջանում ստեղծված լարվածությունը:
XS
SM
MD
LG