Մատչելի հղումներ

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է ներկայացրել


Վարչապետի հրաժարականից հետո մի քանի ժամ անց երկրի խորհրդարանը հավանության է արժանացրել հավաքների դեմ ուղղված օրենքների չեղյալ հայտարարումը

Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը երեքշաբթի օրը հրաժարական է ներկայացրել, որով, ըստ կառավարական աղբյուրների, արվում է քաղաքական փոխզիջման հասնելու փորձ:

Ուկրաինայի կառավարության կայքում վարչապետի հրաժարականի մասին հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ երկրում արդեն երկու ամիս շարունակվող բողոքի ցույցերից հետո, որոնց ընթացքում վերջերս տեղի են ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև բռնի ուժի կիրառմամբ բախումներ, ինքը ցանկանում է «խրախուսել սոցիալական և քաղաքական փոխզիջում»:

Վարչապետ Ազարովը հույս է հայտնել, որ իր հրաժարականը հնարավորություն կստեղծի երկրում ծավալված քաղաքական ճգնաժամի խաղաղ կարգավորման համար:

Ուկրաինայի վարչապետի հրաժարականից հետո մի քանի ժամ անց երկրի խորհրդարանը հավանության է արժանացրել հավաքների դեմ ուղղված օրենքների չեղյալ հայտարարումը: Այս օրենքների ընդունումն էր դարձել այն պատճառը, որը հրահրել էր բռնություններով զուգակցվող հակակառավարական զանգվածային ցույցերը:

Երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը սակայն ասել է, որ հակակառավարական ցույցերի ընթացքում ձերբակալված մեկ տասնյակից ավելի ցուցարարներին ներում կշնորհվի միայն այն դեպքում, երբ ընդդիմության ակտիվիստները կքանդեն բարիկանդներն ու կազատեն երկրի քաղաքների փողոցները:

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Արսենիյ Յացենյուկն ավելի վաղ պաշտոնապես մերժել էր նախագահ Յանուկովիչի կողմից վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին իրեն ներկայացված առաջարկը: Դեռևս պարզ չէ սակայն, թե ինչպիսի արձագանքի կարժանացնի Ուկրաինայի ընդդիմությունը հավաքներն արգելող օրենքները չեղյալ հայտարարելու մասին որոշումը:
XS
SM
MD
LG