Մատչելի հղումներ

Ուկրաինայի վարչապետ. «Բողոքները ժողովրդավարության նորմալ դրսևորում են»


Վարչապետ Ազարովը «ժամանակավոր դադար» է անվանել եվրաինտեգրման գործընթացն ընդհատելու մասին որոշումը

Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը Կիևում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե իր երկրի կողմից եվրաինտեգրման գործընթացն ընդհատելու մասին ընդունված որոշումը տնտեսական պատճառներով պայմանավորված «ժամանակավոր դադար» է՝ միաժամանակ «ժողովրդավարության նորմալ դրսևորում» անվանելով այս որոշման դեմ անցկացվող բողոքի ցույցերը:

Երկրի մայրաքաղաք Կիևում հազարավոր ակտիվիստներ հինգշաբթի օրը շարունակել են քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացվող բողոքի ակցիաները և կառավարական շենքերի մուտքի արգելափակումը: Ուկրաինայի մայրաքաղաքի այլ մասում գտնվող հանդիպումների դահլիճում այս ընթացքում մեկնարկել է ԵԱՀԿ-ի անդամ պետությունների նախարարների խորհրդի աշխատանքը:

Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը, հանդես գալով հանդիպման մասնակիցների առջև, խոստացել է առավելագույն ջանքեր գործադրել՝ երաշխավորելու համար բողոքի ցույցերի խաղաղ բնույթը:

Ազարովը սակայն դատապարտել է ցուցարարների կողմից դեպի կառավարական մի շարք շենքեր մուտքն արգելափակելու գործողությունները՝ նշելով, որ դրանք հակասում են այն արժեքներին, որոնց կողմ են հանդես գալիս ցուցարարները:

Վարչապետը շեշտել է նաև, որ Ուկրաինան շարունակում է ծրագրել Եվրամիության հետ Ասոցացման ուղղությամբ քայլերի իրականացումը՝ այս գործընթացում «ժամանակավոր դադար» անվանելով նախագահ Յանուկովիչի որոշումը:

«Ժամանակավոր ընդմիջումը պայմանավորված է միմիայն տնտեսական դժվարություններով», - ասել է Ուկրաինայի վարչապետը՝ հանդես գալով ԵԱՀԿ-ի անդամ պետությունների նախարարների խորհրդի մասնակիցների առջև:

Երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այս ընթացքում շարունակում է Չինաստան կատարվող իր այցելությունը, իսկ Ուկրաինայի կառավարությունը ցուցարարների պահանջներին ընդառաջ գնալու պատրաստակամություն չի հայտնել:
XS
SM
MD
LG