Մատչելի հղումներ

Ուկրաինայի վարչապետ. «Քաղաքակիրթ աշխարհը չի ճանաչի Ղրիմի հանրաքվեի արդյունքները»


Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերակառուցելուն՝ Ռուսաստանի կողմից զորքերի դուրսբերման, Ուկրաինայի հետ ունեցած պայմանագրերի կատարման և Ղրիմի անջատողականներին օժանդակության տրամադրման դադարեցման պայմանով

Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկն ուրբաթ օրն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, թե ցանկանում է «զգուշացնել անջատողականներին և Ուկրաինայի պետականության այլ դավաճաններին» այն մասին, որ քաղաքակիրթ աշխարհը չի ճանաչի Ղրիմում Ռուսաստանին միանալու շուրջ կայանալիք հանրաքվեի արդյունքները:

Վարչապետ Յացենյուկի համաձայն, անջատողականների կողմից կայացվող որոշումները «հակաօրինական են և հակասահմանադրական»:

Ուկրաինայի նորանշանակ վարչապետն ասել է, որ իր կառավարությունը պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերակառուցելուն՝ հավելելով սակայն, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը, կատարի Ուկրաինայի հետ ունեցած իր պայմանագրերը և դադարեցնի Ղրիմի անջատողականներին օժանդակության տրամադրումը:

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն նախօրեին հորդորել էր Եվրամիությանը վճռական քայլեր ձեռնարկել՝ կանխելու համար Ղրիմի կողմից Ռուսաստանին միանալու հնարավորությունը:

Տիմոշենկոյի համաձայն, նման քայլը «կապակայունացնի ամբողջ մայրցամաքը»:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում ասել է, որ Ուկրաինայում Մոսկվայի կողմից ձեռնարկված գործողությունները խախտում են այս երկրի ինքնիշխանությունը:

ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, Օբամայի և Պուտինի միջև նախօրեին մեկ ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը մանրամասն անդրադարձ էր կատարել Ղրիմում Ռուսաստանի զինված ուժերի ներկայության ի պատասխան Վաշինգտոնի ու իր դաշնակիցների կողմից ձեռնարկված միջոցառումներին:

Սպիտակ տան հայտարարության համաձայն, հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Օբաման առաջարկել էր դիվանագիտական մի քանի լուծում Ուկրաինայում շարունակվող առճակատման, որոնք, ըստ ԱՄՆ-ի նախագահի, կհամապատասխանեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի և միջազգային հանրության շահերին:

Որպես առճակատման լուծման մի մաս նախագահ Օբաման կոչ էր արել անցկացնել Կիևի և Մոսկվայի միջև ուղիղ բանակցություններ՝ միջազգային հանրության միջնորդությամբ: Նախագահ Օբաման, բացի այդ, հորդորել էր Ռուսաստանի ռազմակայաններ վերադարձնել իր զինված ուժերը, իսկ միջազգային դիտորդներին՝ ապահովել բոլոր, այդ թվում՝ ազգությամբ ռուս, ուկրաինացիների անվտանգությունը:
XS
SM
MD
LG