Մատչելի հղումներ

Ուկրաինայի ընդդիմությունը ցանկանում է սահմանափակել նախագահի լիազորությունները


Ընդդիմության առաջնորդ Արսենի Յասենյուկի համաձայն, 2004 թվականին ընդունված սահմանադրական փոփոխությունները «կդադարեցնեն նախագահի բռնապետական իրավասությունները»

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երկուշաբթի օրը վերադարձել է աշխատանքի հիվանդության պատճառով չորս օր տևած արձակուրդից հետո:

Երկրի ընդդիմության առաջնորդներն այս ընթացքում պահանջում են վերականգնել Ուկրաինայի նախագահի լիազորությունները սահմանափակող սահմանադրական փոփոխությունները:

Ուկրաինայի ընդդիմությունը ցանկանում է վերականգնել երկրի կառավարությունը ձևավորելու գործում խորհրդարանին առավել մեծ լիազորություններ տրամադրող և նախագահի լիազորությունները սահմանափակող սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտել 2004 թվականին, սակայն ավելի ուշ չեղյալ էին հայտարարվել սահմանադրական դատարանի կողմից:

Ընդդիմության առաջնորդ Արսենի Յասենյուկը երկուշաբթի օրն ասել էր, որ 2004 թվականին ընդունված սահմանադրական փոփոխությունները «կդադարեցնեն նախագահի բռնապետական իրավասությունները»:

Սպասվում է, որ Ուկրաինայի խորհրդարանը երեքշաբթի օրը կքննարկի այս, ինչպես նաև հակակառավարական ցույցերի ընթացքում ձերբակալված ակտիվիստներին առանց նախապայմանների համաներում շնորհելու մասին ընդդիմության կողմից ներկայացված առաջարկությունները:

Ուկրաինայի ընդդիմությունը պահանջել է նաև նախագահ Յանուկովիչի հրաժարականը և նախագահի նոր ընտրությունների անցկացումը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին շաբաթ օրը Գերմանիայում հանդիպում էր ունեցել Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների հետ:

Մյունխենում անցկացված անվտանգության համաժողովի շրջանակներում արտգործնախարար Քերրին հանդիպում էր անցկացրել Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկի, Վիտալի Կլիչկոյի և Պետրո Պորոշենկոյի հետ:

Հանդիպման ընթացքում արտգործնախարար Քերրին վերահաստատել էր աջակցությունը «Ուկրաինայի ժողովրդի անունից ժողովրդավարության և ընտրություն կատարելու հնարավորության համար ընդդիմության առաջնորդների կողմից վարվող պայքարին»:

Արտգործնախարար Քերրին միաժամանակ հորդորել էր ընդդիմության ներկայացուցիչներին պահպանել զսպվածությունն ու շարունակել երկխոսությունը կառավարության հետ:
XS
SM
MD
LG