Մատչելի հղումներ

ԱՄՆ. «Ուկրաինան դեռևս կարող է ունենալ եվրոպական ապագա»


Վիկտորյա Նուլանդի համաձայն, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ անցկացվել են բարդ, սակայն միաժամանակ իրատեսական բանակցություններ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ երկու ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Միացյալ Նահանգները կարծում է, որ «Ուկրաինան դեռևս կարող է ունենալ եվրոպական ապագա»:

«Մենք հստակ արտահայտել ենք նաև մեր կարծիքն այն մասին, որ իրավիճակն անելանելի չենք համարում, Ուկրաինայի եվրոպական ապագայի պահպանումը դեռևս հնարավոր է: Մեր կարծիքով, Ուկրաինայի նախագահը պետք է տանի իր երկիրը հենց այս ուղիով, ինչի համար անհրաժեշտ է ձեռնարկել անհապաղ միջոցներ», - ասել է Նուլանդը:

Յանուկովիչի հետ ունեցած հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալն անհանգստություն է արտահայտել Ուկրաինայի ոստիկանության կողմից դեկտեմբերի 11-ի գիշերն իրականացված գործողությունների կապակցությամբ:

«Ես հայտարարել եմ նախագահին, որ այն, ինչ տեղի էր ունեցել գիշերը, անթույլատրելի է եվրոպական, ժողովրդավարական պետությունում», - ասել Վիկտորյա Նուլանդը, որը նախօրեին հանդիպել էր բողոքի ցույցի մասնակիցների հետ Կիևի Անկախության հրապարակում:

ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի համաձայն, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ անցկացվել են բարդ, սակայն միաժամանակ իրատեսական բանակցություններ:
XS
SM
MD
LG