Մատչելի հղումներ

Ուկրաինայի բանակը կշարունակի երկրի արևելյան շրջաններում իրականացվող գրոհը


Դոնեցկում Ուկրաինայի զինված ուժերի և ռուսաստանամետ զինյալների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված մոտ 50 զինյալներից 33-ը Ուկրաինա էր ժամանել Ռուսաստանից

Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատարն ասել է, որ երկրի զինված ուժերը կշարունակեն երկրի արևելյան շրջաններում ռուսաստանամետ զինյալների դեմ ուղղված գործողությունները:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայլո Կովալի համաձայն, Ուկրաինայի զինված ուժերը կշարունակեն իրենց առաքելությունն այնքան ժամանակ, մինչև երկրի արևելքում չվերականգնվի խաղաղությունն ու կարգուկանոնը:

Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը լրագրողների հետ ուրբաթ օրն անցկացված հանդիպման ժամանակ տեղեկացրել է նաև, որ երկրի զինված ուժերին հաջողվել է ռուսաստանամետ զինյալներից ազատել Դոնեցկ մարզի հարավային և արևմտյան մասերը, ինչպես նաև Լուգանսկի մարզի հյուսիսային մասը:

Ռուսաստանի կառավարության կողմից վերահսկվող «ՌԻԱ-Նովոստի» լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ Դոնեցկ քաղաքում երկուշաբթի օրը Ուկրաինայի զինված ուժերի և ռուսաստանամետ զինյալների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված մոտ 50 զինյալներից 33-ը Ուկրաինա էր ժամանել Ռուսաստանից:

Գործակալությունը, մեջ բերելով ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության» վարչապետին, տեղեկացրել է, որ օտարերկրացիների դիակները նույնականացվել են և ուղարկվել հարազատներին:
XS
SM
MD
LG