Մատչելի հղումներ

«Հանրաքվեն որևէ հիմքեր չունեցող քարոզչական կեղծիք է». Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար


Տուրչինովն ասել է, որ «հանրաքվեները ոչ այլ ինչ էին, քան քարոզչություն՝ քողարկելու համար սպանությունները, բռնություններն ու լուրջ այլ հանցագործությունները»

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տւորչինովը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ «որևէ հիմքեր չունեցող քարոզչական կեղծիք» է անվանել Ուկրաինայի արևելյան շրջաններում ռուսաստանամետ անջատողականների կողմից անցկացված հանրաքվեն:

Հանդես գալով երկուշաբթի օրը Ուկրաինայի խորհրդարանի առջև՝ Տուրչինովն ասել է, որ «հանրաքվեները ոչ այլ ինչ էին, քան քարոզչություն՝ քողարկելու համար սպանությունները, բռնություններն ու լուրջ այլ հանցագործությունները»:

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարն այնուամենայնիվ նշել է, որ ցանկանում է շարունակել երկխոսությունը Ուկրաինայի արևելքում «նրանց հետ, ում ձեռքերն արյունոտ չեն, և ովքեր պատրաստ են պաշտպանելու իրենց նպատակներն օրինական միջոցով»:

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովը նախօրեին զգուշացրել էր երկրի ռուսաստանամետ արևելյան շրջաններն այն մասին, որ կիրակի օրն անցկացված հանրաքվեի ընթացքում ինքնավարության կողմ քվեարկելու դեպքում նրանք կատարելու են «դեպի անդունդ տանող քայլ»:

«Այսօր նրանք, ովքեր կողմ են հանդես գալիս այսպես կոչված անկախության, չեն հասկանում, որ դա տնտեսության, սոցիալական ցանկացած խնդիրների լուծման և այս տարածաշրջանների բնակչության մեծամասնության կյանքի լիակատար քայքայում է: Սա դեպի անդունդ տանող ճանապարհ է: Ցանկանում եմ շեշտել՝ այս շրջանների համար սա դեպի անդունդ տանող ճանապարհ է: Սա ինքնակործանում է, էյֆորիա, որը կարող է բերել շատ դժվարին հետևանքների», - հանդես գալով Ուկրաինայի ազգային հեռուստատեսությամբ՝ ասել էր երկրի նախագահի պաշտոնակատար Տուրչինովը:
XS
SM
MD
LG