Մատչելի հղումներ

Ուկրաինայում երկօրյա սուգ է հայտարարվել


Տուչինով. «Մեր զինվորականներն ու օրինապահ մարմինները կշարունակեն պայքարել ահաբեկչության և ավազակության դեմ՝ հանուն մեր պետության խաղաղության և հանգստության»

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովը երկօրյա սուգ է հայտարարել Ուկրաինայում՝ հարգանքի տուրք մատուցելու համար «հակաահաբեկչական գործողությունների ընթացքում զոհված հերոսների և Օդեսայում ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհվածների հիշատակին»:

«Ուկրաինայում մայիսի երկուսը ողբերգական օր է դարձել: Իմ խորը ցավակցությունն եմ հայտում զոհվածների ազգականներին և մերձավորներին: Մենք պետք է ճիշտ հետևություններ անենք այս ողբերգությունից, որը նախ և առաջ տեղի է ունեցել արտաքին սադրանքի պատճառով: Այս իրադարձությունների կազմակերպման և հրահրման համար մեղավորները պատիժ են կրելու», - ասված է Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Տուրչինովը ցավակցական հայտարարության մեջ հավաստիացրել է, որ երկրի զինվորականներն ու օրինապահ մարմինները կշարունակեն պայքարել ահաբեկչության և ավազակության դեմ՝ հանուն Ուկրաինայի խաղաղության և հանգստության:

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը հորդորել է դադարեցնել քաղաքացիական բոլոր առճակատումները երկրի ներսում և «միասնական լինել արտաքին ագրեսորի դեմ պայքարում»:

«Պետք է միավորվենք և համատեղ կառուցենք նոր երկիր, որտեղ գերագույն արժեք կդառնան յուրաքանչյուր ուկրաինացու կյանքը, առողջությունն ու բարեկեցությունը», - նշել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը:
XS
SM
MD
LG