Մատչելի հղումներ

Ուկրաինայում ազգային միասնության բանակցություններ են մեկնարկել


Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենիյ Յացենյուկը բանակցությունների բացման խոսքում ասել է, որ երկրի կառավարությունը պատրաստ է բանակցելու այն բոլորի հետ, ովքեր զենք չեն կրում և ցանկանում են պահպանել երկրի միասնությունը

Ուկրաինայի առաջնորդները Կիևում մեկնարկել են ազգային միասնության բանակցություններ, որոնք երկրի ժամանակակից պատմության մեջ ամենախորը ճգնաժամը հաղթահարելու նպատակ են հետապնդում:

Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենիյ Յացենյուկը բանակցությունների բացման խոսքում ասել է, որ երկրի կառավարությունը պատրաստ է բանակցելու այն բոլորի հետ, ովքեր զենք չեն կրում և ցանկանում են պահպանել երկրի միասնությունը:

«Մենք ամբողջությամբ պատասխանատու ենք Եվրոպայի կենտրոնում գտնվող՝ 45 միլիոն բնակչություն ունեցող պետության համար», - ասել է վարչապետի պաշտոնակատար Յացենյուկը Կիևում մեկնարկած կլոր սեղանի բացման խոսքում, որին մասնակցում են ազգային և տեղական կառավարությունների ներկայացուցիչներ, նախկին նախագահներ, կրոնական առաջնորդներ և քաղաքական ակտիվիստներ:

Յացենյուկի համաձայն, բանակցությունների հիմնական նպատակը երկրի միասնության, երկրում խաղաղության և կայունության պահպանումն է:

Ընդունելով Ուկրաինայի բնակչության, մասնավորապես երկրի արևելյան շրջանների բնակիչների շրջանում առկա դժգոհությունը՝ Յացենյուկն ասել է, որ Ուկրաինայի բոլոր քաղաքացիներն ունեն հիմնական նույն պահանջները, նրանք ցանկանում են ազատվել կոռուպցիայից, ունենալ արժանապատիվ աշխատավարձ և ապահովել անհատական անվտանգությունը:

Յացենյուկի համաձայն, ուկրաինացիների հետ շփման արդյունքում երկրում ռուսաց լեզվի կարգավիճակը չի հիշատակվել որպես նրանց հիմնական մտահոգություն:

Ազգային միասնության բանակցությունների մեկնարկի ժամանակ Ուկրաինայի վարչապետն ասել է, որ երկրում անհրաժեշտ է կայունացնել իրավիճակը, անցկացնել ազատ և ազնիվ նախագահական ընտրություններ, ապակենտրոնացնել և հավասարակշռել իշխանությունը:

Անդրադառնալով երկրում ծավալված ճգնաժամի պատճառով ստեղծված լարվածությունը նվազեցնելուն ուղղված միջազգային հանրության ջանքերին՝ Յացենյուկը նշել է, որ Ուկրաինան շարունակում է պնդել բանակցությունների «ժնևյան ձևաչափը»՝ նկատի ունենալով Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների անցկացման:

Ռուսաստանը սակայն ցանկանում է, որ բանակցություններում նաև ներառվեն Ուկրաինայի արևելքում գործող ռուսաստանամետ անջատողականների ներկայացուցիչներ:

Ուկրաինայի ժամանակավոր վարչապետը, բացի այդ, խոստացել է, որ երկիրը չի հրաժարվի դեպի Եվրոպական ինտեգրացում տանող իր ուղին:
XS
SM
MD
LG