Մատչելի հղումներ

ԵՄ-ը զգուշացրել է Ուկրաինայի տնտեսության հնարավոր քայքայման մասին


Եվրոպական Միության առաջնորդներն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպում կունենան Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ՝ վերջինիս կողմից Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու առաջարկությունը մերժելուց հետո

Եվրոպական Միությունը հինգշաբթի օրը զգուշացրել է Ուկրաինային, որ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելը կարող է դառնալ այս երկրի տնտեսության փլուզման և կյանքի մակարդակի հետագա նվազեցման պատճառը:

Հանգես գալով Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթաժողովի բացումից առաջ՝ Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հերքել է Ուկրաինայի քաղաքական գործիչների պնդումներն այն մասին, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը թանկ կնստի իրենց պետության վրա:

«Ուկրաինայի տնտեսությանը հսկա ներդրումներ են անհրաժեշտ, որոնք անհնար է ծախս անվանել: Դրանք երկրի ապագա եկամուտներն են, երկրի տնտեսական աճն ու աշխատատեղերն են», - ասել է Ֆյուլեն՝ հավելելով. «Միակ կորուստները, որոնք ես տեսնում եմ, առաջանում են անգործությունից, որոնք սպառնում են հետագա լճացմամբ և ստեղծում են վտանգներ երկրի տնտեսության և ապագա բարեկեցության համար»:

Եվրոպական Միության առաջնորդներն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպում կունենան Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ այն բանից հետո, երբ վերջինս մերժել է Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու առաջարկությունը՝ փոխարենն ընդունելով Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ուղին:

Յանուկովիչը նախատեսում է մասնակցել Վիլնյուսում Արևեյլան գործընկերության պատվին անցկացվելիք հանդիսավոր ընթրիքին: Դեռևս սակայն պարզ չէ, թե ինչ արդյունքներ է ակնկալում Ուկրաինայի առաջնորդը Վիլնյուսում իր ներկայությունից՝ Եվրամիության հետ Կիևին մոտ 600 միլիոն եվրոյի տնտեսական աջակցություն առաջարկող ազատ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրելու առաջարկությունը մերժելուց հետո: Ուկրաինայի նախագահը «նվաստացնող» է անվանել Եվրամիության այս առաջարկությունը:
XS
SM
MD
LG