Մատչելի հղումներ

Ուկրաինայում երկու միլիոն մարդ կարող է չունենալ նախագահական ընտրությունների ընթացքում քվեարկելու հնարավորություն


Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայն, երկրի արևելյան շրջաններում գործող ռուսաստանամետ անջատողականների զինված ստորաբաժանումները կաշխատեն խաթարել նախագահական ընտրությունների անցկացումը

Ուկրաինայի կառավարությունը գալիք շաբաթ անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդառաջ շարունակում է քննարկել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու եղանակները:

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս ընթացքում զգուշացրել է երկրի կառավարությանը, որ շարունակվող ճգնաժամի պատճառով մոտ երկու միլիոն մարդ կարող է հնարավորություն չունենալ քվեարկելու երկրում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի համաձայն նման իրավիճակ կարող է ստեղծվել այն պատճառով, որ երկրի արևելյան շրջաններում գործող ռուսաստանամետ անջատողականների զինված ստորաբաժանումները կաշխատեն խաթարել ընտրությունների անցկացումը, կոչ է արել երկրի իշխանություններին ձեռնարկել միջոցներ՝ նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ արևելքում անվտանգությունն ապահովելու համար:

Ուկրաինայի արևելյան Խարկով քաղաքում նախօրեին անցկացվել էր տարածաշրջանային առաջնորդների և կենտրոնական կառավարության միջև բանակցությունների երկրորդ փուլը, որի արդյունքների մասին որևէ հայտարարություններ սակայն չեն արվել:

Այս բանակցություններին մասնակցելու համար չեն հրավիրվել Ուկրաինայի արևելքում պետական շենքերի գրավմանը մասնակցած ռուսաստանամետ անջատողականները:
XS
SM
MD
LG