Ուկրաինան դադարեցրել է Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի առաջնորդների ղեկավարների գագաթաժողով անցկացնելու ծրագրերն այն բանից հետո, երբ որոշ պետությունների ղեկավարներ հանել են իրենց անունները մասնակիցների ցուցակից՝ որպես բողոք Ուկրաինայի բանտարկված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի դեմ:
Ուկրաինայի արտգործնախարարությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ գագաթաժողովը կանցկացվի ավելի ուշ՝ եվրոպական որոշ պետությունների առաջնորդների կողմից մասնակցելու անկարողության պատճառով:
Երկօրյա գագաթաժողովն ըստ ծրագրվածի պետք է մեկնարկեր Յալտա քաղաքում այս ուրբաթ օրը:
Գագաթաժողովում մասնակցությունից հրաժարվել են Եվրոպական Միության տասը պետությունների ղեկավարներ, որոնց թվում են Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը և Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը:
Ուկրաինային կարող է սպառնալ նաև այս երկրում և Լեհաստանում համատեղ անցկացվող Եվրոպայի ֆուտբոլի 2012 թվականի մրցաշարի բոյկոտը:
Գերմանի իշխանությունները Տիմոշենկոյի գործով Ուկրաինայի հիմնական քննադատներից են: Երկրի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեն սպառնացել է դադարեցնել Ուկրաինայի և Եվրոպական Միության միջև քաղաքական և տնտեսական պայմանագրի գործողությունը, եթե բանտում գտնվող ընդդիմադիր Տիմոշենկոյին չտրամադրվի պատշաճ բուժօգնություն:
Յուլիա Տիմոշենկոյի դուստր Եվգենիան երկուշաբթի օրը ժամանել է Գերմանիա՝ փորձելով ուժեղացնել Ուկրաինայի կառավարության վրա գործադրվող ճնշումը, որպեսզի վերջինս թույլատրի իր մորը լքել Ուկրաինան՝ բուժումն այդ երկրում ստանալու համար:
Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոն բանտարկվել էր՝ Ռուսաստանի հետ 2009 թվականին բնական գազի վերաբերյալ պայմանագիրը կնքելու ընթացքում պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքներով: Յուլիա Տիմոշենկոն սակայն հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները:
Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգները և իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող են որակավորել Տիմոշենկոյի գործը: