Մատչելի հղումներ

Ուկրաինայում ժամանակավոր նախագահ է նշանակվել


Մարդիկ քանդում են Կիևում ՊԱԿ-ի ծառայողներին նվիրված հուշարձանի վրա պատկերված տառերը, 23 փետրվարի 2014թ.
Մարդիկ քանդում են Կիևում ՊԱԿ-ի ծառայողներին նվիրված հուշարձանի վրա պատկերված տառերը, 23 փետրվարի 2014թ.

Ժամանակավոր նախագահի պաշտոնում նշանակվել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դաշնակից, երկրի խորհրդարանի խոսնակ Օլեկսանդր Տուրչինովը

Ուկրաինայի խորհրդարանը կիրակի օրն անցկացված հատուկ նիստի ժամանակ քվեարկել է խորհրդարանի խոսնակ Օլեկսանդր Տուրչինովին նախագահի իրավասություններով ժամանակավորապես օժտելու մասին:

Երկրի խորհրդարանը նախօրեին անցկացված քվեարկության արդյունքներով խոսնակի պաշտոնում էր նշանակել Յուլիա Տիմոշենկոյի դաշնակից Օլեկսանդր Տուրչինովին, որը խոսնակի պաշտոնում ընտրվել էր երկրի կառավարության ջատագով խոսնակ Վոլոդիմիր Ռիբակի կողմից ներկայացված հրաժարականից հետո:

Ուկրաինայի խորհրդարանը, բացի այդ, շաբաթ օրը քվեարկել էր երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին նախագահի պաշտոնից ազատելու օգտին և կոչ էր արել նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել մայիսի 25-ին, ինչպես նաև հավանության էր արժանացրել երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու մասին որոշումը:

Այս ընթացքում անհայտ է մնում Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի գտնվելու վայրը, որը մեկ օր առաջ հեռացել էր Կիևից: Երկրի սահմանապահ ծառայության համաձայն, այն օդանավին, որը պետք է նախագահ Յանուկովիչին տեղափոխեր անհայտ ուղղությամբ, շաբաթ օրը չէր թույլատրվել դուրս գալ օդանավակայանից:

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոն կիրակի օրը տված հարցազրույցում ասել է, որ երկրի տապալված նախագահը Յանուկովիչն ամբողջությամբ պատասխանատու է Ուկրաինայում վերջին մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցած բռնությունների համար:
XS
SM
MD
LG