Մեծ Բրիտանիան հաջորդ տարի նվազեցնելու է Եվրամիության անդամ պետություն չհանդիսացող երկրներից բարձր որակավորում ունեցող աշխատողների թիվը 20 տոկոսով` հասցնելով այն 21 700-ի: Երկիրը փորձում է սահմանափակել ներգաղթը` միաժամանակ գրավելով անհրաժեշտ որակավորում ունեցող օտարերկրացիներին:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը երկրի օրենսդիրներին նկարագրել է նոր կանոնները որպես ներգաղթի քաղաքականությունը «խստացնելու» համար անհրաժեշտ միջոցառումների «համապարփակ փաթեթ»:
Օտարերկրյա պետություններից Մեծ Բրիտանիա աշխատանքի ուղարկվող աշխատողի նկատմամբ այս նոր կանոնները չեն կիրառվելու այն դեպքում, եթե նա տարեկան վաստակում է 63 750 դոլարից ավել գումար: Սահմանափակումն, այնուամենայնիվ, նախատեսում է 2011 թվականին տասներեք անգամ նվազեցնել աշխատանքի առաջարկ չունեցող բարձր որակավորման մասնագետների թիվը:
Մեյի համաձայն, Պահպանողական և Ազատական դեմոկրատական կուսակցությունների կոալիցիոն կառավարությունը նախատեսում է էապես կրճատել ներգաղթականների թիվը, որն այժմ կազմում է տարեկան 200 հազար մարդ, մինչև 2015 թվականը: