Մատչելի հղումներ

Դատարան. «Քենիացիները կարող են դատի տալ Մեծ Բրիտանիային»


Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության համաձայն, այս գործը կունենա նշանակալից և հեռու գնացող իրավական հետևանքներ

Մեծ Բրիտանիայի դատարանի որոշման համաձայն, տարեց երեք քենիացի կարող են շարունակել «Մաու Մաու» հակագաղութային ապստամբության ընթացքում իրենց նկատմամբ խոշտանգումների կիրառման մեղադրանքներով դատական հայցն ընդդեմ Մեծ Բրիտանիայի կառավարության:

Տարեց երեք քենիացիների համաձայն, Մեծ Բրիտանիայի գաղութային ուժերի սպաները 1950-ականներին տեղի ունեցած ապստամբությունը ճնշելու փորձեր կատարելու ժամանակ նրանց նկատմամբ կիրառել են ծեծ և սեռական տեսակի հարձակումներ:

Լոնդոնը փորձել է խոչընդոտել դատական այս հայցին՝ ասելով, որ մեղադրանքների համար պատասխանատվությունը փոխանցվել է Քենիայի կառավարությանը՝ 1963 թվականին այս երկրին անկախություն շնորհելուց հետո: Կառավարության այս պնդումը հերքվել է 2011 թվականին, ինչից հետո Լոնդոնը պնդել է, թե արդար դատավարություն ապահովելու համար չափազանց շատ ժամանակ է անցել:

Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանի դատավոր Ռիչարդ ՄըքՔոմբիի կողմից սակայն ուրբաթ օրը կայացված որոշման համաձայն, արդար դատավարությունը հնարավոր է: Դատավորն ասել է, որ երկու կողմերն ունեն դատական հայցը շարունակելու բավարար պարզ վկայություններ:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը սակայն հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ կբողոքարկի Գերագույն դատարանի որոշումը:

Արտգործնախարարության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվել է նաև, որ կառավարությունը չի հերքում, որ հայցվորները գաղութային իշխանությունների կողմից ենթարկվել էին խոշտանգումների և այլ տեսակի վատ վերաբերմունքի, սակայն այս չարաշահումների համար պատասխանատու անձինք մահացել են կամ ունակ չեն հայտնելու տեղի ունեցածի մանրամասները:

Արտգործնախարարության հայտարարության մեջ նշվել է նար, որ այս գործը կունենա նշանակալից և հեռու գնացող իրավական հետևանքներ:

Դիտորդների համաձայն, դատական այս որոշումը կարող է ճանապարհ բացել նման հայցերի համար ոչ միայն Քենիայից, այլ Մեծ Բրիտանիայի նախկին այլ գաղութներից:
XS
SM
MD
LG