Մատչելի հղումներ

«BP»-ն ու Ադրբեջանը կնքել են «Շահ Դենիզ-2» գործարքը


Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Հեյգին «Շահ Դենիզ -2» գործարքը կնքելու համար սակայն խիստ քննադատության են ենթարկել իրավապաշտպանները

Մեծ Բրիտանիայի «British Petroleum» էներգետիկական ընկերության գլխավորությամբ գործող «Շահ Դենիզ» կոնսորցիումը երեքշաբթի օրը Ադրբեջանի իշխանությունների հետ կնքել է այդ երկրում գտնվող բնական գազի հսկա հանքավայրում արդյունահանվող վառելիքը Եվրոպա հասցնելու մասին համաձայնագիր:

Գործարքի ծավալը, որին, բացի «BP»-ից, մասնակցում են նաև «Statoil» և «Total» ընկերությունները, ինչպես նաև այլ ներդրողներ, տարբեր աղբյուրների փոխանցմամբ, կազմում է մոտ 45 միլիարդ դոլար: Գործարքը հնարավորություն կտա կառուցել 3,5 հազար կիլոմետր երկարությամբ խողովակաշար, որը կանցնի Թուրքիայի, Հունաստանի և Ալբանիայի տարածքներով՝ հասնելով Իտալիայի հարավային շրջանների:

Խողովակաշարը, որի միջոցով նախատեսվում է Ադրբեջանից տարեկան արտահանել 16 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, «Ֆայնենշլ Թայմս» ամերիկյան պարբերականը նկարագրում է որպես «Բյուսելի քաղաքական գործիչների երկարամյա երազանքների կատարում, որոնք բազում տարիներ ջանքեր են գործադրում կյանքի կոչելու Կասպից ծովի շրջանում արդյունահանված գազը դեպի Եվրոպա տեղափոխելու ծրագրերը՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը:

«Շահ Դենիզ-2 գործարքը կնքելու մասին հայտարարությունը ողջունելի լուր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի համար: Այն բարձրացնում է Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը և մրցակցությունը՝ Հարավային Եվրոպայի համար հասանելի դարձնելով բնական գազի այս նոր աղբյուրը» - ասված է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի պաշտոնական կայքում:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Հեյգին «Շահ Դենիզ -2» գործարքը կնքելու համար սակայն խիստ քննադատության են ենթարկել իրավապաշտպանները:

«Քննադատների համաձայն, այս գործարքը եկամուտ կապահովի Ադրբեջանի բռնապետ առաջնորդ Իլհամ Ալիևին, որի վարչակարգն այս տարվա հոկտեմբերին նախագահական ընտրություններից մեկ օր առաջ պատահական հրապարակել էր ձայների ճնշող մեծամասնությամբ նրա կողմից հաղթանակ տանելու մասին մանրամասները», - գրում է բրիտանական «Ինդեփենդենթ» պարբերականը:

«Ամնեսթի Ինթերնեշնլ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Մեծ Բրիտանիայի կողմից Ադրբեջանում իրականացվող ներդրումները կազմում են այդ երկրում կատարվող օտարերկրյա ներդրումների գրեթե կեսը՝ հիմնականում «BP» ընկերության կողմից «Շահ Դենիզ» բնական գազի հանքավայրում իրականացվող գործունեության շնորհիվ:

«Ամնեսթի Ինթերնեշնլ»-ի քաղաքականության և պետական մարմինների հետ հարաբերությունների գծով ղեկավար Ալեն Հոգարթը, «Ինդեփենդենթ»-ի փոխանցմամբ, ասել է, որ «Ադրբեջանն ունի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի զարհուրելի պատմություն, և այս երկրում այժմ խոսքի ազատության դեմ ուղղված առանձնակի ագրեսիվ արշավ է իրականացվում»:
XS
SM
MD
LG