Մատչելի հղումներ

«Twitter»-ի աշխատանքը դադարել էր՝ տեխնիկական խնդիրների պատճառով


Սոցիալական մեդիայի ոլորտում գործող «Twitter» կայքի աշխատանքը դադարել էր երկու ժամով՝ համակարգում տեղ գտած անսպասելի խաթարումների պատճառով:

Ինժեներական գծով «Twitter»-ի փոխնախագահ Մազեն Ռավաշդեշը կայքի բլոգում հրապարակել է հաղորդագրություն, որի համաձայն կայքի աշխատանքը դադարել էր այն բանից հետո, երբ շարքից միաժամանակ դուրս էին եկել տվյալների փոխանցման հիմնական և պահուստային համակարգերը:

Ռավաշդեշը ներողություն է խնդրել այս սխալի համար, որն ինքը նկարագրել է որպես «երկակի անախորժություն»:

Միկրոբլոգների ճանաչված այս կայքում նման անսարքությունը վերջին երկու ամսվա ընթացքում տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ: Անցյալ ամիս կայքի աշխատանքի տեղի ունեցած դադարեցումն ընկերությունը բացատրել է «անընդհատ կուտակվող սխալների» առկայությամբ:

«Twitter»-ը 2006 թվականին իր աշխատանքը մեկնարկելուց հետո մինչ այժմ ձեռք է բերել 140 միլիոն ակտիվ օգտատեր: Իր գործունեության սկզբնական տարիներին կայքը վատ համբավ էր ձեռք բերել տեխնիկական անհուսալիության պատճառով:
XS
SM
MD
LG