Մատչելի հղումներ

Թուրքիայի վարչապետը խոստացել է չդադարեցնել զբոսայգու կառուցապատման ծրագրերը


Էրդողանը հայտարարել է, թե բողոքի ցույցերի անցկացման մեջ ներգրավված են «ահաբեկչական խմբավորումներ»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե իր կառավարությունը չի դադարեցնելու Ստամբուլի կենտրոնում գտնվող փոքր զբոսայգու կառուցապատման ծրագրերը՝ չնայած նման ծրագրերի դեմ բարձացած հասարակական բողոքի ալիքի:

Թունիսում հինգշաբթի օրն անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում Էրդողանը հայտարարել է, թե բողոքի ցույցերի անցկացման մեջ ներգրավված են «ահաբեկչական խմբավորումներ»:

Վարչապետ Էրդողանը, որին բազմաթիվ քննադատներ մեղադրում են կառավարման ավտորիտար եղանակի կիրառման և իր իսլամական հայացքները պարտադրելու մեջ, այսօր վերադառնում է Թուրքիա՝ Հյուսիսային Աֆրիկա մի քանի օր տևած շրջագայությունից հետո: Նա ավելի վաղ որպես ընտրություններում կրած պարտությամբ առաջացրած զայրույթ է որակել երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը: Էրդողանի համաձայն, ցուցարարները «կողք կողքի քայլում են ահաբեկիչների հետ և չեն վայելում Թուրքիայի հասարակ բնակիչների աջակցությունը»:

Թուրքիայում չդադարող բողոքի ցույցերի մասնակիցները նախօրեին երկրի փոխվարչապետ Բուլեթ Առինչին են փոխանցել իրենց պահանջների ցանկը, որտեղ ներառված են երթերի մասնակիցների դեմ ուժի կիրառման մեջ մեղավոր պաշտոնյաներին աշխատանքից ազատելու պահանջները:

Փոխվարչապետ Առինչը երեքշաբթի ավելի վաղ ներողություն էր խնդրել երկրի ոստիկանության կողմից ցուցարարների դեմ ուղղված բռնություններ գործելու համար:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին երեքշաբթի օրը հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն Թուրքիայում տեղի ունեցող բռնությունները մտահոգություն են առաջացրել ամբողջ աշխարհում, սակայն բողոքների հիմքում ընկած խնդիրները կարող են լուծվել միայն տեղական մակարդակի վրա:
XS
SM
MD
LG