Մատչելի հղումներ

Խռովությունների մեջ Էրդողանը մեղադրում է «ծայրահեղականներին»


Թուրքիայի արևմտյան դաշնակիցները, ներառյալ ԱՄՆ-ը, հորդորել են այդ երկրի կառավարությանը պաշտպանել խոսքի ազատությունն ու զսպվածություն պահպանել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանգստություն պահպանելու կոչ է արել երկրի բնակչությանը՝ մեղադրելով «ծայրահեղականներին» երկրում արդեն մի քանի օր տևած հակակառավարական ցույցեր անցկացնելու համար:

Այս հայտարարությամբ վարչապետ Էրդողանը հանդես է եկել երկուշաբթի օրը՝ Մարոկկո կայանալիք իր այցից առաջ:

Ստամբուլի Թաքսիմ հրապարակը երկուշաբթի օրը խաղաղ էր, սակայն այնտեղ դեռևս տեղադրված էին դրոշներ, պատնեշների մնացորդներ և Թուրքիայում մի քանի տարվա ընթացքում անցկացված բողոքի ամենամեծ ցույցերի հետևանքով մնացած այլ հետքեր:

Ստամբուլում բողոքի այս ալիքը բարձրացավ, երբ քաղաքի զբոսայգիներից մեկն առևտրի կենտրոնի վերածելու կառավարության որոշման դեմ սկսված ցույցի ժամանակ ոստիկանությունն ուժի դիմեց։

Ստամբուլում մարդիկ ասում են, թե իրենք արդեն հոգնել են այս կառավարությունից, որը նրանց խոսքերով, իրենցից աստիճանաբար խլում է իրենց ազատությունները։

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկում է բանակցություններ սկսել ցուցարարների հետ, սակայն այս ցույցերը դեռևս չունեն հստակ ղեկավարություն։

Թուրքիայի ոստիկանության տվյալների համաձայն, անցյալ շաբաթվանից ձերբակալվել է ավելի քան 1700 մարդ, սակայն ձերբակալվածների հիմնական մասն ազատ է արձակվել:

Ոստիկանության կողմից Ստամբուլում անցկացված բողոքի ցույցերի մասնակիցների դեմ կիրառված բռնությունները զայրացրել են Թուրքիայի աշխարհիկ հայացքների հարող բազմաթիվ բնակիչների:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները խիստ քննադատության են ենթարկել ոստիկանության գործողությունները՝ «չափազանց» որակելով դրանք, իսկ Թուրքիայի արևմտյան դաշնակիցները, ներառյալ Միացյալ Նահանգները, հորդորել են այդ երկրի կառավարությանը պաշտպանել խոսքի ազատությունն ու զսպվածություն պահպանել:
XS
SM
MD
LG