Մատչելի հղումներ

 
Գերմանիայի քաղաքացի թուրք գրողին շարունակում են պահել թուրքական բանտում

Գերմանիայի քաղաքացի թուրք գրողին շարունակում են պահել թուրքական բանտում


Թուրքական ծագում ունեցող գերմանացի քաղաքական գրող Դոգան Աքհանլին քսան տարվա ընթացքում առաջին անգամ վերադարձել էր իր հայրենիք, սակայն `ձերբակալվել 20 տարի վաղեմություն ունեցող մեղադրանքներով:

Դոգան Աքհանլիի փաստաբանի համաձայն, Ստամբուլի դատարանը երրորդ անգամ մերժել է գրողի վերաքննիչ բողոքարկումը:

«Դոյչե Վելլե» լրատվական գործակալության փոխանցմամբ, գրողը ձերբակալվել է օգոստոսի կեսերին` վատառողջ հորը այցելելու համար Թուրքիա մուտք գործելու փորձ կատարելու ժամանակ: Ստամբուլի դատախազներից մեկը մեղադրական հայց է ներկայացրել, ըստ որի ճանաչված գրողը մեղադրվում է 1989 թվականին գործած զինված կողոպուտի մեջ, որը դարձել էր մեկ զոհի պատճառ: Այդ մեղադրանքները հիմնված են ականատեսի խոստովանությունների վրա, որոնք, Աքհանլիի դատապաշտպանի խոսքերով, ստացվել են խոշտանգումների միջոցով:

Գերմանիայում Աքհանլիի ձերբակալությունն առաջ է բերել բողոքի ալիք: Գրողներն ու լրագրողները պահանջում են նրան ազատ արձակել:

Քյոլնում բնակվող գրողներից Գյունտեր Վալրաֆը պնդում է, որ գրողին ձերբակալելով, Թուրքիան վրեժխնդիր է լինում նրա նկատմամբ` 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին գրելու համար:

Թուրքիայի դատարանը դեռևս չի որոշել, արդյոք 1991 թվականին Թուրքիան լքած և այժմ միայն Գերմանիայի քաղաքացիություն կրող Աքհանլիի նկատմամբ հարուցված դատարակ գործը շարունակվելու է, թե ոչ:

XS
SM
MD
LG