Մատչելի հղումներ

Դավութօղլուն Սիրիայում զինադադար հայտարարելու կոչ է արել


Սիրիայում այս տարվա ապրիլ ամսին հայտարարված զինադադարը ձախողվել էր ընդամենը մի քանի օրից

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն կոչ է արել Սիրիայի կառավարական ուժերին և ապստամբների խմբավորումներին զինադադար հայտարարել գալիք շաբաթ նշվող մահմեդական տոնի ընթացքում:

Արտգործնախարար Դավութօղլուն մամուլի ներկայացուցիչների հետ ուրբաթ օրն ունեցած հանդիպման ընթացքում ասել է, որ երկու կողմերը հոկտեմբերի 26-ին սկսվող չորսօրյա «Էյդ ալ-Ադհա» մահմեդական տոնի ընթացքում պետք է առնվազն դադարեցնեն բռնությունները:

Սիրիայում այս տարվա ապրիլ ամսին հայտարարված զինադադարը ձախողվել է ընդամենը մի քանի օրից: Զինադադար հաստատելու այս փորձի ձախողման պատճառով, որի մեջ երկու կողմերը մեղադրել են միմյանց, այնժամյա խաղաղության հանձնակատար Քոֆի Անանը հրաժարվել է իր պաշտոնից:

Տարածաշրջանում շրջագայություն կատարող ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմին ուրբաթ օրը այցելություն կկատարի Դամասկոս: Սպասվում է, որ Սիրիա կատարվող իր այցի ընթացքում շաբաթ օրը կհանդիպի երկրի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ:

Սիրիայի ակտիվիստները և առողջապահական ծառայությունների պաշտոնյաները հինգշաբթի օրը հայտնել են երկրի հյուսիսում ապստամբների կողմից վերահսկվող տարածքների ուղղությամբ կառավարական օդուժի կողմից իրականացված ռմբակոծության մասին, որի պատճառով զոհվել է առնվազն 43 մարդ: Զոհվածների թվում կան բազմաթիվ երեխաներ:

Ակտիվիստների համաձայն, օդային հարվածներն իրականացվել են հինգշաբթի վաղ առավոտյան Իդլիբ և Հալեպ նահանգների հինգ շրջանի, ներառյալ ապստամբների կողմից վերահսկվող Մաարեթ ալ-Նուման քաղաքի ուղղությամբ: Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում գտնվող այս քաղաքը ռազմավարական դիրք է զբաղեցնում Դամասկոսն ու Հալեպն իրար միացնող մայրուղու մոտակայքում:
XS
SM
MD
LG