Մատչելի հղումներ

Թուրքիայում հայազգի գրողն ազատազրկման է դատապարտվել


Նշանյանը մեկ տարի և 45 օրվա ազատազրկման է դատապարտվել անցյալ տարի «Պետք է պայքարել ատելություն սերմանող խոսքի դեմ» անվանումը կրող բլոգում հրապարակված նախադասության համար

«Ստամբուլի դատարանն այսօր ավելի քան մեկ տարվա ազատազրկման է դատապարտել հայազգի գրողի և բլոգերի՝ մարգարե Մոհամեդին վիրավորանք հասցնելու համար»:

Այս մասին հաղորդել է «Ռոյթերս» գործակալությունը, որի համաձայն մի քանի գրքի հեղինակ և «պատմության, կրոնի և մի փոքր քաղականության մասին պատմող բլոգ» վարող Սևան Նշանյանն իրեն դատավճիռը ներկայացնելուց հետո դեպի վիրավորական համարված բլոգը հղում է տեղադրել «Twitter»-ի իր էջում՝ հղման կից հրապարակելով հետևյալ խոսքերը. «Ցանկանում եմ կիսել այն հոդվածը, որը Ստամբուլի քրեական 10-րդ դատարանը հիմք է ընդունել՝ կրոնական և այլն, և այլն-ը վիրավորելու հիմքերով 13,5 ամսվա բանտարկության վճռի համար»:

Նշանյանը մեկ տարի և 45 օրվա ազատազրկման է դատապարտվել անցյալ տարի «Պետք է պայքարել ատելություն սերմանող խոսքի դեմ» անվանումը կրող բլոգում հետևյալ նախադասությունները հրապարակելու համար.

«Ատելություն սերմանող խոսք չէ արաբական այն առաջնորդին ծաղրելը, որը մի քանի հարյուր տարի առաջ հայտարարել էր ալլահի հետ կապ ստեղծելու մասին՝ փոխարենը, համապատասխանաբար, քաղելով քաղաքական, ֆինանսական և սեռական բնույթի օգուտ: Դա խոսքի ազատության առկայության գրեթե մանկապարտեզի մակարդակի փորձարկում է»:

Հաղորդագրությունների համաձայն, Նշանյանի դատավճիռը հնարավոր չէ վերածել ֆինանսական տուգանքի, սակայն հայազգի գրողն ունի դատավճիռը բողոքարկելու իրավունք:

«Թուրքիայի վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության օրոք երկիրը դարձել է բարգավաճ, իսկ ինքը վարչապետը վայելում է Արևմտյան իր դաշնակիցների սերը, որոնք ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան պատկերում են որպես քաղաքական կայունության փարոս բազմաչարչար տարածաշրջանում», - գրում է գործակալությունը՝ հավելելով. «Էրդողանի քննադատները սակայն գնալով ավելի հաճախ են մեղադրում նրան ժամանակակից Թուրքիային իրական վտանգ ներկայացնելու մեջ»:
XS
SM
MD
LG