Մատչելի հղումներ

Թուրքիայի վարչապետը ողջունել է Օջալանի հրադադարի կոչը


Թուրքիայի զինված ուժերը, ըստ Էրդողանի, կդադարեցնեն ապստամբների դեմ ուղղված գործողությունները, եթե վերջիններս դադարեցնեն զինված պայքարը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է քուրդ ապստամբների բանտարկության մեջ գտնվող առաջնորդ Աբդուլլահ Օջալանի խաղաղություն հաստատելուն ուղղված կոչը՝ ասելով, թե երկրի զինված ուժերը կդադարեցնեն ապստամբների դեմ ուղղված գործողությունները, եթե վերջիններս դադարեցնեն զինված պայքարը:

Վարչապետ Էրդողանի կողմից հինգշաբթի արված հայտարարությունը բարձրացրել է քուրդ ապստամբների հետ երեք տասնամյակ տևած զինված պայքարն ավարտի հասցնելու հավանականությունը:

Քուրդ օրենսդիրները հինգշաբթի օրն ավել վաղ ընթերցել են Օջալանի նամակը, որտեղ ասված է, թե «եկել է ժամանակը լռեցնելու զենքը և առաջնություն տալ քաղաքականությանը»:

Ողջունելով «նոր ժամանակաշրջանը», Օջալանը նշել է, թե «մեր զինված տարրերը պետք է հետ քաշվեն՝ անցնելով Թուրքիայի սահմաններից դուրս»:

Օջալանի կողմից հրադադար հաստատելուն ուղղված հայտարարությունը, ըստ էության, արվել է՝ փոխարենը ստանալով խոստումներ Թուրքիայում քրդերին տրամադրվելիք ավելի լայն ինքնավարության և Թուրքիայի բանտերից քուրդ բանտարկյալներին ազատ արձակելու մասին:

Թուրքերեն ու քրդերեն ընթերցված Օջալանի հայտարարության մշակմանն են հանգեցնել Թուրքիայի հետախուզության ծառայությունների հետ մի քանի ամիս տևած բանակցությունները:


Որպես փոխադարձ վստահության ամրապնդման առաջին քայլ, Իրաքի հյուսիսում գործող քուրդ ապստամբներն անցյալ շաբաթ ազատ էին արձակել Թուրքիայի ութ քաղաքացու:
XS
SM
MD
LG