Մատչելի հղումներ

Վաշինգտոնում կանցկացվեն թուրքական հարցերով քննարկումներ


Քաղաքական մեծաթիվ գործիչներ եւ վերլուծաբաններ ԱՄՆ-ի մայրաքաղաքում քննարկելու են նաեւ Ղարաբաղյան հակամարտությունը

Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի եւ թուրք-ադրբեջանական հարաբերությունների շուրջ քննարկումները կանցկացվեն հունիսի 18ին, որին կմասնակցեն Թուրքիայի պաշտոնատար մի շարք անձինք, բազմաթիվ վերլուծաբաններ ու մամուլի ներկայացուցիչներ։

Քննարկումներին մասնակցելու նպատակով, ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության, շուտով Վաշինգտոն կժամանեն Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականը, ինչպես նաեւ Թուրքիայի Բիլքենթի համալսարանի քաղաքական գիտությունների եւ իրավաբանական բաժանմունքների պրոֆեսորներ։ Մասնակիցների թվում են նաեւ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիք Թանը եւ ԱՄՆ-ի արտգործնախարարի գլխավոր փոխտեղակալ Նենսի ՄաքԷլդոունին, որը մի քանի տարի աշխատել է Բաքվի եւ Անկարայի ամերիկյան դեսպանատներում։

Վաշինգտոն կժամանի Թուրքիայի լրագրողների մի մեծ խումբ։

՝՝Թուրքիայի նոր աշխարհաքաղաքականությունը. Մարտահրավերներ եւ հնարավորություններ՛՛ խորագրով քննարկումները կազմակերպել է ԱՄՆ-ի Կոնգրեսի նախկին անդամ, թուրքական հարցերով հանձանժողովի նախկին նախագահ Ռոբերտ Ուեքսլերը, որն այժմ Մերձավոր Արեւելքի խաղաղության եւ տնտեսական համագործակցության կենտրոնի ղեկավարն է։

Քննարկվելու են Իրանի, Իսրայելի եւ Իրաքի հետ Թուրքիայի հարաբերությունները, ինչպես նաեւ հարաբերություններն Ադրբեջանի ու Հայաստանի հետ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ անցումային փուլում գտնվող Թուրքիայի դերը։

Քննարկումների կազմակերպիչներն ասում են, թե նման հանդիպումներն այսօր շատ կարեւոր են Թուրքիայի համար հատկապես Իսրայելի հետ սկսված լարվածության, եւրասիական տարածաշրջանում նոր զարգացումների, ինչպես նաեւ ՝՝Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը փակուղուց դուրս տանող ուղիների ի հայտ գալու պատճառով՛՛։

Թուրքիան վերջերս ավելի գործուն է դարձրել հատկապես ԱՄՆ-ի մայրաքաղաքում քաղաքական քննարկումները, վերլուծական կենտրոններում հանդիպումները եւ Անկարայից ժամանող պաշտոնատար անձանց մասնակցությունը։

XS
SM
MD
LG