Մատչելի հղումներ

Թուրքիայում կարող է զինուժ կիրառվել՝ ցույցերը հանդարտեցնելու համար


Փոխվարչապետ Առինչ. «Հասարակական կարգը պահպանելու նպատակով կօժանդակեն Թուրքիայի զինված ուժերի որոշ տարրեր»

Թուրքիայի կառավարությունը զգուշացրել է, թե կարող է դիմել երկրի զինված ուժերի օգնության՝ հանդարտեցնելու համար մի քանի քաղաքում արդեն գրեթե երեք շաբաթ չդադարող բողոքի ցույցերը:

Փոխվարչապետ Բուլենթ Առինչը երկուշաբթի օրն ասել է, որ եթե բողոքի ցույցերը հանդարտեցնելու համար ոստիկանության ուժերը բավարար չլինեն, ապա «հասարակական կարգը պահպանելու նպատակով կօժանդակեն Թուրքիայի զինված ուժերի որոշ տարրեր»:

Այս հայտարարությամբ Առինչը հանդես է եկել Թուրքիայի արհեստակցական հինգ միության կողմից համազգային գործադուլ սկսելու ժամանակ, որի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել Ստամբուլի Գեզի զբոսայգում ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունների դեմ: Հարյուր հազարավոր աշխատավորներ ներկայացնող արհեստակցական միությունները հորդորել են անմիջապես դադարեցնել «ոստիկանության բռնությունները»:

Թուրքիայում երկուշաբթի օրն անցկացված գործադուլների հիմնական մասը խաղաղ բնույթ են ունեցել, սակայն ոստիկանության հատուկ ուժերն արցունքաբեր գազ և ջրցաններ են կիրառել՝ կանխելու համար արհեստակցական միությունների անդամ ավելի քան 1000 աշխատավորի մուտքը Անկարա:

Չնայած կառավարության կողմից բողոքի ցույցերը չհանդուրժելու խոստումների, երթեր են անցկացվել նաև Ստամբուլում և այլ քաղաքներում:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կիրակի օրը հանդես գալով իր հարյուր հազարավոր աջակիցների առջև ասել էր, թե Ստամբուլի այգուց ակտիվիստներին ուժի միջոցով հեռացնելն «իր պարտքն է»:

Էրդողանը, որի համոզմամբ ցույցերի մասնակիցները կառավարվում են «ահաբեկիչների» կողմից, հերքել է ընդդիմության այն մեղադրանքները, որոնց համաձայն իր վարքը նմանվում է բռնապետի վարքի:
XS
SM
MD
LG